Բաժիններ՝

Փաստաբան Շարբաթյանի գործով մեղադրյալներից երկուսը պայքարում են արդարության համար

Անցած տարի Լոռու մարզի «Մուշ» ռեստորանում խնջույքից հետո վիճաբանության արդյունքում սպանված Սամվել Շարբաթյանի գործի դատաքննությունն ընթանում է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:

Դեպքի առիթով մեղադրանք է առաջադրվել 1979թ. ծնված Արտակ Վերանյանին, 1981թ. ծնված Սամվել Դիլոյանին և 1982թ. ծնված Արեն Վերանյանին` Քր. օր.-ի 104-րդ և 258-րդ հոդվածներով, ըստ մեղադրանքի, խմբի կազմում կատարած սպանության և խուլիգանության համար: Մեղադրյալներ Արեն Վերանյանը և Սամվել Դիլոյանը, սակայն, չեն ընդունում իրենց մեղքը:

Հիշեցնենք, որ Սամվել Շարբաթյանը Երևան քաղաքի բնակիչ էր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, մեղադրյալները վանաձորցիներ են, երեքն էլ` բարձրագույն կրթությամբ, Արեն Վերանյանը 2 անչափահաս երեխաների հայր է: Սամվել Դիլոյանը Վանաձոր համայնքի 2 գումարման ավագանու անդամ է եղել, ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահը, ներկայումս Լոռու մարզի երիտասարդ նկարիչների միության անդամ է, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ավագ դասախոս, գիտությունների թեկնածու, դոցենտ: Հանգուցյալ փաստաբանի կինը` Սաթիկ Սարգսյանը, դատարանում որպես դատավարական կողմ է հանդես գալիս` տուժողի իրավահաջորդ, իսկ նրա շահերը ներկայացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Մեղադրանքը դատարանում պաշտպանում է Լոռու մարզի դատախազ Աշոտ Գրիգորյանը, ով նախաքննության ընթացքում եղել է գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը: Դատական նիստին նրա հետ մեղադրանքը պաշտպանելու համար դատարան էր եկել նաև մեկ այլ դատախազ` Սոս Տոնոյանը, բայց դատավորը պարզեց, որ վերջինս Լոռու մարզի դատախազի կողմից տրված լիազորագիր չունի, հետևաբար` արգելեց նրան մասնակցել գործի քննությանը:

Կարդացեք նաև

Օգոստոսի 22-ից գործը դատավոր Նարինե Հովակիմյանի վարույթում է, մինչ օրս նշանակված է եղել 3 նիստ, որոնցից մեկը չի կայացել` մեղադրյալ Արտակ Վերանյանի, մյուսը` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի բացակայության պատճառով: Երրորդն էլ հետաձգվել է մեղադրող դատախազի դեմ բացարկը քննարկելու համար, որը ներկայացրել են մեղադրյալների պաշտպանները: Հաջորդ նիստը նշանակված էր այսօր` ժամը 11։00-ին:

Ըստ պաշտպանների` մեղադրող դատախազը և ընդհանրապես Լոռու մարզի դատախազությունը շահագրգռված են, որ ամբաստանյալներին անպայման դատեն և` ամենախիստ հոդվածով, և դիտավորյալ պատշաճ հսկողություն չեն իրականացրել գործի քննության նկատմամբ, թույլ են տվել դատավարական իրավունքի և նյութական իրավունքի խախտումներ: Նրանք բացարկը ներկայացրել են մի շարք հիմնավորումներով, մասնավորապես` ասում են, որ իրավապահներն արել են ամեն ինչ, որ նշանակված սանկցիայի դեպքում, որ 12 տարուց է սկսվում, մեղմացնող հանգամանքները հնարավորինս քիչ լինեն:

Օրինակ, նախաքննական մարմինը որպես պաշտոնական վարկած` նշել է, որ վիճաբանության նախաձեռնողը հանգուցյալ Սամվել Շարբաթյանն է եղել, նա է առաջինը հարվածել ու հայհոյել, բայց նրա արարքին իրավական գնահատական չեն տվել, որ դա չդիտեն` որպես մեղմացնող հանգամանք: Կամ` մեղադրական եզրակացության մեջ շարադրված է հանձնաժողովային լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն, որը, ըստ պաշտպանների` անարժանահավատ, գիտականորեն չհիմնավորված դատավարական փաստաթուղթ է, ինչին նրանք մանրամասն վերլուծությամբ անդրադառնալու են առաջիկայում:

Նախաքննության ընթացքում մեղադրյալները ցանկություն են հայտնել առերես հարցաքննվել իրենց դեմ ցուցմունք տված անձանց հետ, սակայն նախաքննական մարմինն այդպես էլ չի ապահովել նրանց հակընդդեմ հարցման իրավունքը: Արդյունքում` դեպքի ականատես վկաներից մեկը հեռացել է Հայաստանից` առանց մեղադրյալների հետ առերես հարցաքննվելու: Իրավապահները ոչ միայն այդ վկայի հետ 5 ամիս առերեսում չեն կատարել, այլև, պաշտպանների համոզմամբ, իրենք էլ աջակցել են նրա` երկրից հեռանալուն:

Գործում նշված` դեպքին ականատես 3-4 անձանց ինքնությունն էլ նախաքննական մարմինը չի պարզել, չնայած, պաշտպանների խոսքով, հնարավորություն ունեցել է պարզելու: Այժմ պաշտպանական կողմն ինքն է զբաղվելու այդ հարցով, որ հայտնաբերի ու դատարան հրավիրի ականատես վկաներին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԴԱՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս