Գևորգ Կոստանյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

2013 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանն ընդունեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Ն.Մուիժնիեկսիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի տնօրեն Ի.Գաշեն, տնօրենի տեղակալ Բ.Ուրումովան, Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օ.Պավլյուկը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ` Ա.Թամազյանը, Հ.Բադալյանը, Է.Բաբայանը:

Պարոն Կոստանյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ կարևորում է համագործակցությունը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ` և որպես ՀՀ գլխավոր դատախազ, և որպես Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ:

Գլխավոր դատախազը պատրաստակամություն հայտնեց կայուն ու բազմակողմ հիմքերի վրա  շարունակելու համագործակցությունը Մարդու իրավունքների հանձնակատարի հետ: Պարոն Գ.Կոստանյանը հյուրերին ամփոփ ներկայացրեց իշխանությունների կողմից ձեռնարկված այն քայլերը, որոնք իրականացվել են մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների երաշխիքների ապահովման գործում: Գլխավոր դատախազը բարձր գնահատեց ԵԽ մարդու իրավունքների նախկին հանձնակատար Թ.Համմարբերգի հետ համագործակցությունը:

Պարոն Ն.Մուիժնիեկսին, շնորհավորելով պարոն Կոստանյանին` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, շեշտեց, որ քաջատեղյակ է պարոն Կոստանյանի գործունեությունից, և վստահ է, որ արդյունավետ համագործակցություն կձևավորվի ՀՀ դատախազության հետ: Եխ հանձնակատարը նշեց, որ իր այցը հետապնդում է ճանաչողական նպատակ:

ԵԽ պատվիրակության անդամներին հետաքրքրում էին մի շարք հարցեր` կապված զինված ուժերում զինծառայողների իրավունքների, այլընտրանքային ծառայության հետ կապված խնդիրների, դատաիրավական բարեփոխումների փուլում դատախազության լիազորությունների ու գործառույթների վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը հյուրերին հանգամանալից ներկայացրեց իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ինչպես նաև առաջարկեց, ուղիղ կապ հաստատել Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի և ՀՀ գլխավոր դատախազության միջև` տեղեկատվության արագ ու ժամանակին փոխանակման  համար:

Տեսանյութեր

Լրահոս