Պոմպակայանները դադարեցնում են աշխատանքը

(«Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության արդյունքները 2013թ. սեպտեմբերին)

Սեպտեմբերի կարևորագույն ձեռքբերումը «Երևան Ջուր» ընկերության համար «Արարատյան» և «Շորշոր» ջրաղբյուրների պոմպակայանների աշխատանքի ամբողջովին, իսկ «Գյումուշի»  և «Գառնիի» պոմպակայանների՝ մասնակի դադարեցումն է: Ճիշտ է, վերջին տարիներին, լեռներից ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ օգտագործման շնորհիվ, դրանք ավելի ու ավելի նվազ հզորությամբ էին գործում, բայցևայնպես, շոգ եղանակներով պայմանավորված ջրի սպառման ծավալների ավելացման պատճառով, ընկերությունը ստիպված է ամռանը չաշխատող պոմպերի մի մասը վերագործարկել, ինչը հանգեցնում է էլեկտրաէներգիայի, հետևաբար՝ լրացուցիչ ֆինանսական ծախսի: Օրինակ, «Արարատյանում» հունիս-սեպտեմբերին թեկուզև գործել է մեկ պոմպ, որով վայրկյանում ավելի քան 700 լիտր արտեզյան ջուր է մղվել Երևան, այնուամենայնիվ, դա բերել է լրացուցիչ օրական մոտ 50 հազար կՎտժ էլեկտրաէներգիայի օգտագործման: Իսկ հիմա, պոմպակայանների աշխատանքի դադարեցման պայմաններում, ընկերությունը հնարավորություն է ստանում նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսը, ազատված միջոցներն ուղղելով համակարգի հրատապ խնդիրների լուծմանը:

Նույն ամսին ջրամատակարարման բարելավման նպատակով Վերին Շենգավիթի 2-րդ փողոցում, Զեյթունի «Կոկա-Կոլա» գործարանի հարակից տարածքներում գոտիավորվել է բաշխիչ ցանցը: Փոխվել են վթարված ջրագծերն ու կոյուղագծերը Զորավար Անդրանիկի թաղամասի մի շարք հատվածներում: Մայրաքաղաքի կենտրոնում փոխարինվել են որոշ ճնշման կարգավորիչ փականներ և ճկուն միացումներ, վերակառուցվել է 10 դիտահոր և ապամոնտաժվել այնտեղի հանգույցները: Նոր Նորքում փոխարինվել են որոշ շենքերի վթարված բակային կոյուղագծեր: Իսկ Հալաբյան փողոցի վթարված ջրատարի, ինչպես նաև Նորագյուղի և Կիևյան կամրջի մոտ վթարված կոյուղիների վերակառուցման, Ապարանի ջրաղբյուրի սանիտարական գոտիների ու խորքային հորերի պոմպակայանների վերանորոգման աշխատանքները շարունակվում են:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի «Կովկասյան» օրվա կարգավորիչ ջրամբարի տարածքում սեփական միջոցներով ընկերության նոր վարչական շենքի կառուցումը, որի բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան ու ՀՀ ՏԿՆ ջրտնտպետկոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Դրա շնորհիվ ոչ միայն  բարելավվել է այնտեղ տեղակայված ստորաբաժանումների աշխատանքային պայմանները: Այն, որ ընկերությունը ձեռնամուխ է եղել նմանատիպ ծրագրերի իրականացմանը, վկայում է, որ Երևանում «ջրի խնդիրը» որպես այդպիսին լուծված է:

Ընդհանուր առմամբ սեպտեմբերին կառուցվել է 1153 մետր նոր ջրագիծ, փոխարինվել՝ 398 մետր ջրագիծ և 26 մետր կոյուղագիծ, շահագործումից հանվել 1337 մետր վթարված ջրագիծ: Նույն ժամանակամիջոցում վերացվել է 479 ջրագծի վթար, 1511 վթար ջրահեռացման համակարգում և 219-ը՝ պոմպակայաններում: Տեղադրվել է 26 փական և 1 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 36 ջրաչափական հանգույց, մաքրվել է 11 դիտահոր և 1908 անձրևաընդունիչ:

Կատարված աշխատանքների շնորհիվ սեպտեմբերին Երևանում սպառողների 73%-ն ապահովված է եղել 24-ժամյա ջրամատակարարմամբ, 23%-ը՝ 17-23 ժամյա, իսկ 12-17 ժամյա՝ ընդամենը 4%-ը: «Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի 1445 կետից վերցված փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարվող ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

Շարունակվել է աշխատանքը ջրի սպառման վերահսկման նպատակով, որի արդյունքում հաշվետու ամսին ընկերության կողմից կազմվել է 482 տարաբնույթ խախտման ակտ, որից 35-ը վերաբերում է ապօրինի ջրագծերին: Ընկերության բաժանորդների քանակն ավելացել է 285-ով: Եվս 53 բաժանորդ տեղադրել է ջրաչափ: Ճիշտ է, ամեն տարվա նման, ջրապահանջի սեզոնային նվազման հետևանքով, սեպտեմբերին վաճառված ջրաքանակը որոշ չափով պակասել է, սակայն միևնույն է այն մոտ 32 հազար մ3-ով գերազանցում է 2012թ. նույն ժամանակամիջոցի արդյունքը, ինչը տարվող աշխատանքի արդյունավետության խոսուն ապացույցն է:

Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով, «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2013թ. սեպտեմբեր ամսվա գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2012թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ (2008թ. տվյալները համեմատության համար են):

Հիմնական ցուցանիշներ 2008թ.

սեպտեմբ.

2012թ.

սեպտեմբ.

2013թ.

սեպտեմբ.

2013թ. սեպտեմբերը 2012թ. սեպտեմբերի համեմատ/+- /
Աղբյուրներից վերցված ջրաքանակ` լիտր/վայրկյան 11 836 10 018 9 635 – 383 /2008թ. սեպտեմբերից` -2201/
Էլեկտրաէներգիայի օրական սպառում` կՎտժ 315 000

 

104 000

 

78 000 – 26 000 /2008թ. սեպտեմբերից`-237000/
Ջրամատակարարման շարունակականություն` % 72,7

 

93,0 95,9 + 2,9% կետ /2008թ. սեպտեմբերից`+ 23,2% կետ

 «Երևան Ջուր» ՓԲԸ հաղորդակցության բաժին

Տեսանյութեր

Լրահոս