Նոր ընտրական փուլում Վարդան Մինասյանը չի գլխավորի ազգային հավաքականը
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը քիչ առաջ ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է, որ նոր ընտրական փուլում ինքը չի գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը:
«Ես այսօր հանդիպում եմ ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Քննարկել ենք Հայաստանի ազգային հավաքականի հետ կապված մի շարք խնդիրներ: ՀՖՖ նախագահն ինձ առաջարկել է նոր ընտրական փուլում շարունակել գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, բայց ես հրաժարվել եմ առաջարկից, իհարկե իմ խորին շնորհակալությունը հայտնելով ՀՖՖ նախագահին վստահության համար: Ինձ համար մեծ պատիվ կլիներ կրկին ստանձնել ազգային հավաքականի ղեկը, բայց ես այս պահին գերադասում եմ իմ կարիերայի այլ շարունակություն: Կան մի շարք առաջարկներ, մասնավորապես արտերկրից, եւ ես ուզում եմ քննարկել այդ առաջարկները»,-ասել է Վարդան Մինասյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի պայմանագիրը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ավարտվում է ս.թ. հոկտեմբերի 31-ին:
Օգտվելով առիթից Վարդան Մինասյանը շնորհակալություն է հայտնել ՀՖՖ նախագահին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեին, ՀՖՖ աշխատակազմին:
«Ուզում եմ օգտվելով առիթից իմ շնորհակալությունը հայտնել նախ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով անցած չորս տարիներին ինձ վստահեց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները: Յուրաքանչյուր մարզչի համար մեծ պատիվ է ազգային հավաքականի մարզիչ լինելը: Ես նույնպես ինձ համար մեծ պատիվ եմ համարել: Ավելի մեծ զգացողություն՝ ներկայացնել երկիրը, պետությունը, կանգնել քո պատվին հնչող պետական հիմնի հնչյունների ներքո, իմ կարծիքով չկա, եւ ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունն ազգային հավաքականի հետ ունեցել եմ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ մեր ֆուտբոլի երկրպագուներին: Ես միշտ զգացել եմ նրանց աջակցությունը, նույնիսկ այն պահերին, երբ անխնա քննադատել են ինձ: Վստահ եմ, որ նրանք միշտ կմնան մեր հավաքականի, մեր ֆուտբոլի կողքին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ մեդիայի ներկայացուցիչներին: Ես միշտ անկեղծ եմ եղել նրանց հետ, միշտ ասել եմ այն, ինչ մտածում եմ, միշտ բաց եմ եղել եւ այսուհետ եւս կմնամ մեդիայի բարեկամը, անկախ իմ նկատմամբ նրանց վերաբերմունքից: Եվ ամենակարեւորը, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին: Ինձ համար մեծ հաճույք է եղել նրանց հետ աշխատելը, թե որպես ֆուտբոլիստների, թե որպես մարդկային լավ բնավորություններով օժտված մարդկանց: Նրանց հետ ենք հաղթահարել մեր առջեւ դրված բարդությունները, նրանց հետ ենք անցել մի ճանապարհ, որը կարծում եմ օգտակար է եղել: Նրանք մեծ ներուժ ունեն, պրոֆեսիոնալ են իրենց մոտեցումներում եւ վստահ եմ, որ դեռ շատ բարձրունքներ են նվաճելու: Ես մեծ ձեռքբերում եմ համարում, որ ձեւավորել ենք եւ ունենք միասնական, համերաշխ, միմյանց նկատմամբ հարգանքով թիմ: Հուսով եմ, նաեւ ինչ որ բան ես եմ տվել նրանց այս չորս տարիների ընթացքում»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Վարդան Մինասյանը: