«Սիրիայի բարեկամների» խումբը վաղը կհավաքվի Լոնդոնում
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Սիրիայի բարեկամների» խումբը վաղը հավաքվելու է Լոնդոնում՝ կենտրոնանալով «Ժնև 2» կոնֆերանսի նախապատրաստման վրա, որը միտված է լինելու Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին այսօր Լյուքսեմբուրգում ԵՄ-ի մյուս երկրների իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը.
«Մենք 11 արտգործնախարարով կհավաքվենք Լոնդոնում՝ ներառյալ ԱՄՆ-ը, ԵՄ-ի մի շարք երկրներ, Թուրքիան և արաբական աշխարհի առաջատար երկրները: Հանդիպման նպատակը «Ժնև 2» կոնֆերանսի նախապատրաստումն է: ՄԱԿ ԱԽ-ում մենք հակված ենք այդ կոնֆերանսն անցկացնել նոյեմբերին»:
Հեյգը խոստացել է սիրիական ընդդիմության հետ մշակել ժնևյան խաղաղության գործընթացը և նրան հատկացնել հավելյալ աջակցություն: Հեյգն ընդգծել է, որ հանդիպման մասնակիցները մտադիր են քննարկել Սիրիայում ստեղծված չափազանց ծանր հումանիտար իրավիճակը, որը շարունակում է ավելի վատթարանալ, ինչպես նաև քննարկել ՄԱԿ ԱԽ-ի բանաձևին համապատասխան՝ Սիրիայի քիմիական զենքի ոչնչացումը: