Ռադոսլավ Սիկորսկին և Կարլ Բիլդտը պլանավորել են Վիլնյուսից առաջ այցելել «Արևելյան գործընկերության» երկրներ

Բելառուսական БелаПАН լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից առաջ Լեհաստանի ու Շվեդիայի արտգործնախարարներ Ռադոսլավ Սիկորսկին և Կարլ Բիլդտը պլանավորել են այցելել «Արևելյան գործընկերություն» ծրագրում ներառված երկրների մայրաքաղաքներ:

Առաջիկա այցի ժամանակ արտգործնախարարները մտադիր են պատմել «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության գոյության 5 տարիներին ձեռք բերված արդյունքների մասին, ինչը մասնավորապես վերաբերում է Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի հետ Ասոցացման ու ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ աշխատանքներն ավարտելուն:

Այդ համաձայնագրերը կդառնան ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունների խորացման հիմքը: Նրանք հիշեցրել են, որ ԵՄ-ն արդեն իսկ ստորագրել է վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ մի քանի համաձայնագրեր, որոնցից վերջինը՝ Հայաստանի հետ:

Արտգործնախարարները մտադիր են հիշեցնել «Արևելյան գործընկերությունը» ամբողջովին իրագործելու անհրաժեշտության մասին, ինչը մասնակից երկրից պահանջում է հավատարիմ գտնվել ընդհանուր արժեքներին: Նրանք կարծում են, որ ԵՄ-ի պայմանները կարող են պահանջել զոհեր, իսկ ոմանք անգամ կարող են վնասներ կրել, սակայն դրա հետ մեկտեղ խորապես վստահ են, որ ձեռքբերումները կլինեն ավելի մեծ:

Նրանք հիշեցրել են, որ այն բանից հետո, ինչ Լեհաստանն անդամակցեց ԵՄ-ին, Լեհաստանի ու Շվեդիայի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարում գրեթե կրկնապատկվեց. «ԵՄ-ը նախկինի նման պատրաստ է բարեփոխումների անցկացման հարցում օգնել գործընկեր երկրներին:

Գործընկեր երկրներին օգնելու միայն 2013 թվականի բյուջեն կազմել է ավելի քան 600 միլիոն եվրո, և որքան շատ խորքային բարեփոխումներ են անցկացվում երկրում, այնքան զգալի աջակցություն են ստանում նրանք: Հուսով ենք, որ նոյեմբերի 28-29-ի վիլնյուսյան գագաթաժողովը կդառնա ձեռքբերումների գագաթաժողով»:

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ Բիլդտը և Սիկորսկին Կիև են ժամանելու հոկտեմբերի 22-ին:

Տեսանյութեր

Լրահոս