
Ադրբեջանի իշխանությունները Ստրասբուրգի Hilton հյուրանոցում «գնել» են եվրապատգամավորներին. Հասանլի

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) միասնական նախկին թեկնածու Ջամիլ Հասանլին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում իրականացվել է իշխանության բռնատիրում, իսկ Սահմանադրական դատարանը հաստատել է քվեարկության կեղծված արդյունքները:
Հասանլիի խոսքերով՝ Ալիևի երդմնակալության հապճեպ անցկացումը վկայում է միջազգային հանրության կողմից ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին: Հոկտեմբերի 17-ին ԿԸՀ-ը հաստատեց ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը: Հոկտեմերի 18-ին Հասանլին բողոքարկել է ընտրությունների արդյունքները, նույն օրը՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, Բաքվի Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը:
Հոկտեմբերի 19-ին նշանակվել է Սահմանադրական դատարանի նիստը: Հասանլին կարծում է, որ Սահմանադրական դատարանը պետք է սպասեր մինչև Գերագույն դատարանի կողմից իր բողոքը դիտարկելը: Հապճեպ երդմնակալությունն իրականացվել է առանց հասարակությանն իրազեկելու:
Հասանլիի կարծիքով՝ իշխանությունները հասկացել են, որ գերտերությունների ներկայացուցիչներից ոչ մեկն էլ չի մասնակցի այդ արարողությանը: Հասանլին կարծում է, որ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 20 տոկոսը, որոնց մեծ մասը քվեարկել է իր օգտին: 50 ընտրատարածքում քվեարկության արդյունքներն ամբողջովին են կեղծվել, իսկ մնացյալ 75 ընտրատարածքում՝ մասնակիորեն:
Պատմելով Բրյուսելում, Փարիզում ու Ստրասբուրգում ունեցած հանդիպումների մասին՝ Հասանլին հայտարարել է, որ եվրոպական կառույցները հետաքննում են ընտրություններին ԵԽԽՎ-ի ու Եվրախորհրդարանի տված սկանդալային գնահատականները:
Հասանլիի խոսքերով՝ կան հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանի իշխանությունները Ստրասբուրգի Hilton հյուրանոցում հոնորար վճարելու շուրջ բանակցություններ են վարել ԵԽԽՎ-ի պատվիրակության անդամների հետ.
«Մենք տեղյակ ենք, թե ադրբեջանցի պաշտոնատար անձանցից ով է վարել այդ բանակցությունները, ով է եղել թարգմանիչը: Այդ մասին տեղյակ են նաև Ֆրանսիայի իրավապահ մարմինները: Ժամանակի հետ կհրապարակվեն այդ տեղեկատությունները: ԺՈՒԱԽ-ը հոկտեմբերի 27-ին բողոքի ակցիա է անցկացնելու ընտրակեղծիքների դեմ»: