
Հայտնի է դարձել Թուրքիային ԱՄՆ-ի կողմից Predator ԱԹՍ-եր չհատկացնելու պատճառը

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ 2010 թվականին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպից մոտ մեկ տարի անց Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) Իրանի գաղտնի ծառայություններին է հաղորդել իսրայելական «Մոսսադի» 10 գործակալի:
MIT-ի այդ քայլը պայմանավորված է եղել թուրք-իսրայելական հարաբերությունների կտրուկ սրմամբ: Թուրքական կողմի այդ քայլը խստապես զայրացրել է Իսրայելին ու ԱՄՆ-ին, որոնք տեղի ունեցածի համար պատասխանատու են համարել MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանին:
Դրանից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կտրականապես հրաժարվել է «Մավի Մարմարայի» միջադեպի (Թուրքիայի 9 քաղաքացու սպանելու) համար ներողություն խնդրել Թուրքիայի համար: ԱՄՆ-ն իր հերթին հրաժարվել է Թուրքիային հանձնել Predator տիպի 10 անօդաչու թռչող սարք:
Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը 2012 թվականի առաջին կեսին ԱՄՆ-ից պահանջել է 10 Predator, սակայն ԱՄՆ կոնգրեսը հավանության չի արժանացրել դա: Ամերիկյան կողմը մտավախություն է ունեցել, որ Թուրքիան Predator-ների հայթայթած տեղեկատվությունը կարող է փոխանցել Իրանին: Predator ԱԹՍ-երը Թուրքիային առաջին հերթին անհրաժեշտ էին PKK-ի դեմ պայքարի համար: