
Ադրբեջանը ԵՄ-ից ակնկալում է հատուկ հարաբերություններ. Արազ Ազիմով

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը նոյեմբերի վերջին ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշում կընդունի ամենաբարձր մակարդակով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:
Նա հասկացնել է տվել, որ Ադրբեջանը նախընտրում է ԵՄ-ի հետ անհատական հարաբերություններում բազմակողմ գործընկերությունը: Ազիմովի խոսքերով՝ պաշտոնական Բաքուն ԵՄ-ից ակնկալել է «հատուկ» հարաբերություններ: Ազիմովը որպես այդպիսի հարաբերությունների օրինակ նշել է էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին հուշագիր ստորագրելը.
«Մենք կարծում ենք, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները պետք է հենված չլինեն որևէ ընդհանուր տարածաշրջանային մոտեցման վրա, քանի որ «Արևելյան գործընկերությունը» ունի շատ սփռված և չձևակերպված աշխարհագրական, քաղաքական ու տնտեսական շրջանակներ: ԽՍՀՄ փլուզման հետևանքով կազմավորված երկրներին մեզ պարզապես դասելն այնքան էլ ճիշտ չէ»: