
Ամերիկացի զինվորականները կկարողանան օդային աջակցություն խնդրել սմարթֆոններով

Defense News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիան և Քեմբրիջում գտնվող Դրեյփերի լաբորատորիան սկսել են համատեղ մշակել սմարթֆոնների հատուկ հավելված, որի օգնությամբ գետնի վրա գտնվող զինյալները կարող են աջակցություն հայցել օդից և ավիահարվածներ հասցնել հակառակորդի օբյեկտներին:
Հավելվածը ստացել է Android Terminal Assault Kit (ATAK) անվանումը: Նոր հավելվածի շնորհիվ մարտիկները կարող են քարտեզի վրա ընդգծել հակառակորդի դիրքերը, դիրքերից նահանջելու հնարավոր ուղիները, սեփական զորքերի գտնվելու վայրը:
Ապա այս բոլոր տվյալները կարող են արագորեն փոխանցվել օպերատիվ կենտրոններին կամ մոտակայքում գտնվող ինքնաթիռներին: Դրեյփերի լաբորատորիայում հուսով են, որ ATAK-ը հնարավորություն կտա պարզեցնել և արագացնել օդային աջակցություն հայցելու ընթացակարգը:
Ներկայումս ամերիկյան բանակն ու ծովային հետևակը կարողանում են օդային աջակցություն խնդրելու հարցում կիրառել նաև ռացիաներ և նոթբուքներ, սակայն դրանք պահանջում են շատ ժամանակ՝ անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցելու համար: Բացի այդ, գիշերային ժամերին նոթբուքերի էկրանները կարող են մատնել նրանց դիրքերը: Իսկ մթության մեջ սմարթֆոնի փայլող էկրանը կարելի է շատ ավելի հեշտ քողարկել :