2014թ. Ռուսաստանում շահագործման կհանձնվի ապօրինի ներգաղթյալների համար նախատեսված 81 հատուկ կենտրոն
Ռուսական Коммерсанть թերթին տված հարցազրույցի ժամանակ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին հայտարարել է, որ 2014 թվականին ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը շահագործման կհանձնի ապօրինի ներգաղթյալների համար նախատեսված 81 հատուկ կենտրոն:
Ռոմոդանովսկին հավելել է, որ այդ կենտրոնների կեսը ստեղծվելու է զրոյից, իսկ մյուս կեսն իրենք ստանալու են ոստիկանությունը: Հատուկ կենտրոնների կառուցումն ու սարքավորումներով հագեցումն իրականացվելու է տարածաշրջանային բյուջեների հաշվին:
Ռոմոդանովսկու խոսքերով՝ Մոսկվային աղետալիորեն չեն բավականացնում ներգաղթյալներին պահելու կենտրոնները: Նա հավելել է, որ հանդես է գալիս ապօրինի ներգաղթյալների համար ժամանակավոր խոշոր ճամբարներ ստեղծելու դեմ, ինչպիսին որ 2013 թվականի օգոստոսին Մոսկվայում կազմակերպված Գոլյանովոյի ճամբարն է:
Ռոմոդանովսկին խոստացել է, որ նոր հատուկ կենտրոններում պայմանները կլինեն շատ ավելի մեղմ, քան Գոլյանովոյում է կամ նախնական կալանքի մեկուսարանում, կլինի զբոսնելու տարածք, ավելի մեղմ ռեժիմ:
Ռոմոդանովսկին վիճակագրական տվյալներ է հրապարակել ներգաղթյալների կողմից կատարվող հանցագործությունների մասին: Դրանց համաձայն, Մոսկվայում կատարված հանցանքների 52 տոկոսի հեղինակը մոսկվացիներն են, իսկ 48 տոկոսը՝ այլ քաղաքների բնակիչները (շրջաններից եկածները): Օտարազգիներին բաժին է ընկել հանցանքների 20 տոկոսը: