
Բաշար Ասադը գործարք է առաջարկել Սիրիայի քրդերին. Haber 7

Թուրքական Haber 7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրի քրդական բնակչությանը խաղաղության կոչ է արել: Այս մասին հեռուստաալիքին հայտնել են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում առկա դիվանագիտական աղբյուրները:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրադադարի համար Սիրիայի նախագահը խոստացել է քրդերի ներկայացուցիչներին տրամադրել երկրի խորհրդարանի տեղերի 18 տոկոսը: Հեռուստաալիքը հավելել է, որ հրադադարի և հարաբերությունների զարգացման նպատակով Սիրիայից Իրաքի հյուսիս է ուղարկվել հատուկ պատվիրակություն, քանի որ Էրբիլը համարվում է Սիրիայի քրդերի քաղաքական կենտրոնը:
Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին հրավիրվել է Դամասկոս, սակայն նա մերժել է այդ հրավերը: