
Ռուս ազգայնականները պլանավորել են նոյեմբերի 4-ին Մոսկվայում անցկացնել «Ռուսական երթ»

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի քաղաքապետն այսօր ստացել է նոյեմբերի 4-ին մայրաքաղաքի հարավ-արևելյան հատվածում այսպես կոչված «Ռուսական երթ» անցկացնելու հայտ: Այս մասին հայտարարել է «Ռուսկիե» շարժման առաջնորդ, ակցիայի կազմակերպիչներից Դմիտրի Դեմուշկինը:
Վերջինիս խոսքերով՝ փաստաթղթերում նշված է, որ երթին մասնակցելու է 30.000 մարդ: Դեմուշկինը հիշեցրել է, որ Մոսկվայի կառավարությունը պետք է հայտը դիտարկի աշխատանքային երեք օրվա ընթացքում, իսկ վերջնական պատասխանը պետք է տա ակցիայի անցկացումից առնվազն երեք օր առաջ:
Եթե հայտը բավարարվի, ապա «Ռուսական երթ» Մոսկվայում կանցկացվի 5-րդ անգամ: Նախորդ տարի Մոսկվայի կենտրոնում կայացել է «Ռուսական երթ», որի մասնակիցները պահանջել են հուղարկավորել Լենինն, կանգնեցնել ներգաղթյալների ներհոսքը, վիզային ռեժիմ սահմանել Միջին Ասիայի հետ և «դադարեցնել Կովկասին կերակրելը»: