
Բիրյուլևոյում ստուգումներից հետո որոշվել է Ռուսաստանից արտաքսել ավելի քան 150 ներգաղթյալի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոսկովյան դատարանն այսօր որոշում է ընդունել մերձակա երկրների 42 քաղաքացու ՌԴ-ի տարածքից արտաքսելու մասին: Վերջիններս ձերբակալվել են Մոսկվայի Բիրյուլևոյի շրջանում գրանցված իրադարձությունների ժամանակ:
Դրանով իսկ դատարանի որոշմամբ արտաքսման դատապարտված ապօրինի ներգաղթյալների ընդհանուր քանակը գերազանցեց 150-ը: Նրանց մեծ մասը կազմում են Ուզբեկստանի ու Տաջիկստանի քաղաքացիները:
Բիրյուլևոյի շրջանում անկարգություններ են տեղի ունեցել հոկտեմբերի 13-ին, այն բանից հետո, ինչ ադրբեջանցի Օրհան Զեյնալովը սպանել է տեղաբնակ Եգոր Շչերբակովին: Անկարգությունների արդյունքներով ձերբակալվել է գրեթե 400 մարդ:
Օրհան Զեյնալովն արդեն իսկ վերցված է երկամսյա նախնական կալանքի տակ: Մոսկվայի Տվերյան դատարանը կալանքի տակ է վերցրել երեք մարդու, որոնց դեմ խուլիգանության վերաբերյալ քրեական գործեր են հարուցվել Բիրյուլևոյի իրադարձություններից հետո: Խոսքն Արտյոմ Նովիկովի, Թիմուր Մուսիկաևի և Անդրեյ Տիտարենկոյի մասին է: