Ուկրաինայի խորհրդարան է ներկայացվել Տիմոշենկոյի հետ կապված օրինագիծը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում իշխող Ռեգիոնների կուսակցության խմբակցության անդամ Նիկոլայ Ռուդկովսկին խորհրդարանին է ներկայացրել մի օրինագիծ, որը փոփոխություններ է նախատեսում Ուկրաինայի քրեակատարողական և քրեաիրավական օրենսգրքերում:
Այդ փոփոխությունները իրավական մակարդակում կկարգավորեն արտասահմանում դատապարտյալի բուժում ստանալու հարցը: Համապատասխան օրինագիծը Գերագույն ռադայում գրանցվել է այսօր, սակայն դրա տեքստը դեռ մատչելի չէ: Նշված է, որ այն ներկայացված է խորհրդարանի ղեկավարության դիտարկմանը:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նախօրեին հայտարարել էր, որ պատրաստ է ստորագրել այնպիսի օրենք, որը նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին հնարավորություն կտա բուժում ստանալ արտասահմանում, եթե նման օրենք ընդունեն պատգամավորները:
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն օրեր առաջ հայտարարել էր, որ ԵՄ-ը սպասում է Տիմոշենկոյի հարցի լուծմանը՝ Ուկրաինայի հետ նոյեմբերի վերջին Վիլնյուսում Ասոցացման համաձայնագիր ստորագրելու համար: