Ադրբեջանի Սահմանադրական դատարանը շտապում է հաստատել նախագահական ընտրությունների արդյունքները
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Սահմանադրական դատարանն իր նիստը նշանակել է հոկտեմբերի 19-ին, որում քննարկվելու է հոկտեմբերի 9-ին երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների հաստատման հարցը:
Այս մասին գործակալությանը հայտնել են Սահմանադրական դատարանից: Ադրբեջանի ԿԸՀ-ը հոկտեմբերի 17-ին որոշել էր հաստատման նպատակով Սահմանադրական դատարանին ուղարկել նախագահական ընտրությունների արդյունքները: Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) նախագահական նախկին թեկնածու Ջամիլ Հասանլին հապճեպ է համարել Սահմանադրական դատարանի որոշումը:
Նրա կարծիքով՝ Սահմանադրական դատարանը ԿԸՀ-ի որոշումից հետո պետք է սպասեր առնվազն երեք օր, քանի որ այդ որոշումը կարող էր վիճարկվել Վերաքննիչ դատարանում՝ հավելելով, որ իրենք պատրաստվում էին բողոք ներկայացնել հենց հոկտեմբերի 19-ին:
Հասանլին կարծում է, որ Սահմանադրական դատարանի նման հապճեպ նիստի անցկացումը հանդիսանում է Ադրբեջանի սահմանադրության ու օրենքների ոտնահարում:
Նշվում է, որ օրենսդրության համաձայն, Սահմանադրական դատարանն ընտրությունների արդյունքները հաստատում է քվեարկությունից հետո 14 օր անց: ԿԸՀ-ի պաշտոնական տվյալներով՝ հոկտեմբերի 9-ի ընտրություններում Իլհամ Ալիևը հավաքել է քվեների 84.54 տոկոսը (3.126.113 մարդ):