
ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել՝ կապված շփման գծի դիտարկման դադարեցման հետ

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը երեկ հայտարարություն է տարածել՝ կապված Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակոցների պատճառով դիտարկման դադարեցման հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի տարածած հայտարարությունում նշված է. «Այսօր ԵԱՀԿ-ի թիմը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գլխավորությամբ, մասնակցել են շփման գծի հարավային ուղղությամբ դիտարկման:
Շփման գծի երկու կողմի տեղական հրամանատարների կողմից անվտանգության երաշխիքների սովորական ստացումից հետո ԵԱՀԿ-ի երկու խմբի անդամները լսել են կրակոցներ, երբ նրանք հասել են դիտարկման կետին: Անհնար է եղել պարզել, թե որ կողմից են կրակոցներ արձակվել:
Ելնելով անվտանգության նկատառումներից՝ անձնական ներկայացուցիչը որոշել է հետաձգել դիտարկումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հասկանում են, որ բոլոր նրանք, ովքեր մասնակցում են ԵԱՀԿ դիտարկմանն աջակցելուն, ի ցույց են դրել պրոֆեսիոնալիզմի բարձր աստիճան:
Նրանք հավատում են, որ սա այդ անձանց, ինչպես նաև անձնական ներկայացուցչի ու նրա թիմի, ինչպես նաև 1994 թվականի մայիսի հրադադարի մասին համաձայնագրի աշխատանքը խաթարելու եզակի և ցավալի դեպք է: Համանախագահները համապատասխան մարմիններին կոչ են անում մանրակրկիտ և անկողմնակալ հետաքննել այն»: