
Հայտնի են ՄԱԿ ԱԽ ժամանակավոր նոր անդամները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիտվան, Նիգերիան, Սաուդյան Արաբիան, Չադը և Չիլին ընտրվել են 2014-2015 թվականների ՄԱԿ ԱԽ ժամանակավոր նոր անդամներ: Դա տեղի է ունեցել երեկ ՄԱԿ ԳԱ-ում անցկացված գաղտնի քվեարկության արդյունքում:
ՄԱԿ ԱԽ-ն ընդհանուր առմամբ ունի 15 պետություն, որոնցից 5-ը մշտական անդամներ են (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա), իսկ 10-ը՝ ժամանակավոր անդամներ: Վերջիններիս կազմը 5-ով թարմացվում է ամեն տարին մեկ:
ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ դառնալու համար յուրաքանչյուր հավակնորդ երկրից պահանջվում է հավաքել ՄԱԿ-ի անդամ երկրների քվեների 2/3-ը: ՄԱԿ-ի ներկայիս 193 երկրից ԱԽ-ի անդամ երբեք չի հանդիսացել ավելի քան 1/3-ը: ՄԱԿ ԱԽ-ի նորընտիր անդամներն իրենց աշխատանքները խորհրդում սկսելու են 2014 թվականի հունվարի 1-ից:
Դրանով իսկ Նիգերիան ու Չադը ՄԱԿ ԱԽ-ում կփոխարինեն Մարոկկոյին ու Տոգոյին, Սաուդյան Արաբիան կզբաղեցնի Պակիստանի տեղի, Չիլին կփոխարինի Գվատեմալային, իսկ Լիտվան՝ Ադրբեջանին:
ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամները մասնակցում են որոշումների ընդունմանն ու քվեարկություններին, սակայն, ի տարբերություն մշտական անդամների, չեն կարող արգելափակել այդ որոշումը, քանի որ օժտված չեն վետո դնելու իրավունքով: