Թևան Պողոսյան. Տղամարդու համար կարող է վախենալու չէ, կնոջ համար՝ վախենալու է
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցի, թե սատարո՞ւմ է կուսակից պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ իր անվտանգություն ապահովելու նպատակով ԱԺ նախագահին դիմելու նախաձեռնությանը, ասաց. «Ես որևէ խնդիր չունեմ արդարացնելու կամ չարդարացնելու նրա որոշումը: Եղել են հայտարարություններ, որոնք, ըստ Զ. Փոստանջյանի՝ եղել են սպառնալից, և ընդհանրապես որևէ մարդ չէր ցանկանա, որ իր հասցեին նման գնահատականներ հնչեին, և նա դիմել է այդ քայլին` գտնելով, որ լավագույն գաղափարն է»:
Մեր հարցին, թե Ձեզ համար սպառնալի՞ց էին ՀՀԿ-ական պատգամավորների հայտնի գնահատակնները, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Դե հիմա տղամարդու համար կարող է այդ ինչ-որ հայտարարությունը վախենալու չէ, կնոջ համար վախենալու է: Նա այդպես է ընկալել և պետք է հարգել Զ. Փոստանջյանին՝ իր քայլի համար: Որովհետև իսկապես, այն ճնշումը, որը եղավ Զառայի վրա, արդարացված չէր և ոչ ազնիվ»: