
Արտահանման ապահովագրական կազմակերպությունը հիմնադրվեց

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է արտահանման ապահովագրական կազմակերպություն ՓԲԸ հիմնադրելու նախագիծը։ Սահմանվել է ընկերության ընդհանուր կապիտալը` 1 մլրդ 950 մլն դրամ, որից կանոնադրական կապիտալը` 1 մլրդ 500 մլն դրամ, որը համապատասխանում է 150 հազար հատ հասարակ բաժնետոմսի յուրաքանչյուրը` 10 հազար դրամ անվանական արժեքով և գլխավոր պահուստ` 450 մլն դրամ: Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը ձայների հավասար իրավունքով վերապահվել է լիազոր մարմնին` ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին: Լիազոր մարմինը հիմնադրի անունից հաստատելու է ընկերության կանոնադրությունը: Ապահովագրական կազմակերպության հիմնադրումը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը: Ընկերության նպատակներից է արտահանողին կամ արտահանողին ֆինանսավորող բանկն ապահովագրել վարկառուի/փոխառուի/գնորդի չվճարման ռիսկից, բանկերի համար ստեղծել ապահովման նոր միջոցներ, իջեցնել արտահանման տոկոսադրույքները և ընդլայնել բանկերի արտահանման ֆինանսավորման ծածկույթը: