
ԵՄ-ը ներկայացրել է 2014-2020 թվականների տրանսպորտային նոր ռազմավարությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը ներկայացրել է 2014-2020 թվականների տրանսպորտային նոր ռազմավարությունը: Ֆինանսավորման ծավալը կազմել է 250 միլիարդ եվրո:
2014-2020 թվականների նոր ենթակառուցվածքային ռազմավարությունը նպատակ է հետապնդում միավորել Արևելքն ու Արևմուտքը: Այս մասին այսօր հայտարարել է տրանսպորտի գծով եվրահանձնակատար Սիյմ Կալլասը:
Վերջինիս խոսքերով՝ տրանսպորտը կենսական նշանակություն ունի եվրոպական տնտեսության համար. «Նոր ենթակառուցվածքային քաղաքականությունը միավորում է ԵՄ-ի անդամ 28 երկրի միասնական տրանսպորտային ցանց: Դա Արևելքը կմիավորի Արևմուտքի հետ»:
Միասնական Անդրեվրոպական տրանսպորտային ցանցի միջուկը կդառնա 9 տրանսպորտային միջանցք՝ Բալթիկա-Ադրիատիկ, Հյուսիսային ծով-Բալթիկա, Միջերկրածովյան միջանցք, Միջինարևելյան միջանցք, Սկանդինավիա-Միջերկրական ծով, Հռենոս-Ալպեր, Ատլանտյան միջանցք, Հյուսիսային ծով-Միջերկրական ծով, Հռենոս-Դանուբ:
Պլանավորված է նախագիծն ավարտել մինչև 2030 թվականը: Դրա իրագործման սկզբնական փուլում հատկացվելու է 26 միլիարդ եվրո: