Նարեկ Սարգսյանը փորձում է ստանձնել քաղաքաշինության նախարարության լիազորությունները
Այսօր ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է «ՀՀ ԿԱ ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, հաստատվել պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը: Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ներկայացրեց կանոնադրությունը և խնդիրները:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խնդրեց վարչապետի միջամտությունը՝ կոմիտեի հարաբերությունները օրենքով կարգավորելու համար. «Մեր դիտողություններից հետո որոշ խմբագրումներ արվել են, բայց, ըստ էության, հարցը չի լուծվում: Քողարկված ձևով այնուամենայնիվ մնում է, որ այս ոլորտում քաղաքականություն իրականացնողն այս կոմիտեն է, ինչը հակասում է Սահմանադրությանը, բայց այլ բան անել հնարավոր չէ»:
Ըստ նախարարի՝ Սահմանադրության համաձայն, այս պետական մարմնի լիազորությունները պետք է սահմանվեն սահմանադրութամբ և օրենքով. «Ուզենք, թե չուզենք, պետք է հաստատենք, որ կոմիտեին տալիս ենք լիազորություններ: Այս փուլում պետք է դիտարկենք, որ կոմիտեն լինելու է խորհրդատվական մարմին, և հետո կարգավորենք օրենքով»:
«Նախադեպ ունենք»,- նկատեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Վատ նախադեպ ունենք»,- պատասխանեց Հ.Թովմասյանը՝ նշելով, որ կադաստրի կոմիտեի, Քաղավիացիայի վարչության վերաբերյալ օրենքներում կան սահմանումներ:
«Ջրային կոմիտեն… հա, չկա, բայց լավ վիճակից չի, որ չկա»,- նշեց նա:
Վարչապետը հանձնարարեց նախարարին օրենսդրական կարգավորման առաջարկություններ ներկայացնել: