
Անկարայում Հեյդար Ալիևի անվան այգին վերածվել է աղբավայրի

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ 7 տարի առաջ Անկարայում ստեղծված Հեյդար Ալիևի անվան այգին վերածվել է աղբավայրի: 81.000 ծառից բաղկացած այդ ողջ անտառազանգվածը մնացել է առանց խնամքի և վերածվել է աղբանոցի:
Տեղաբնակների խոսքերով՝ նախկինում այդ տարածքում զբոսնում էին շատ մարդիկ, հանգստանում էին ամբողջ ընտանիքներ: Սակայն հետագայում դադարեցին հետևել այգուն, և այն վերածվեց աղբավայրի:
Ավելին, գիշերներն այստեղ հավաքվում են բազմաթիվ ալկոհոլիկներ և թմրամոլներ, որոնք նախորդ շաբաթ անգամ հրդեհ են կազմակերպել: Իշխանություններն իրենց հերթին հայտարարում են, որ փաստաթղթերի համաձայն, այդ այգին գոյություն չունի, և իրենք ի վիճակի չեն ձեռնարկել որևէ բան: