
Սիրիայի զինյալների մի մեծ խումբ հանձնվել է Թուրքիայի իշխանություններին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում ընդդիմության կողմից հանդես եկող «Հյուսիսային փոթորիկ բրիգադի» զինյալները հանձնվել են թուրքական իշխանություններին: Ընդհանուր առմամբ, սահմանային ոստիկանատուն է եկել 85 զինյալ:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Թուրքիան սկսել է հրետակոծել սիրիական տարածքը: Սիրիական տարածքում՝ Թուրքիայի Քիլիս նահանգի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, շարունակվում են ընդդիմության ու «Ալ-Քաիդայի» հետ կապված խմբավորումների միջև մարտերը:
Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է, որ երեկ Քիլիսի ոստիկանատնից 450 մետր հեռավորության վրա ընկել է չպայթած հրետանային արկ: Իր ունեցած լիազորությունների համաձայն, թուրքական բանակը պատասխանել է «Ֆըրթընա» (թարգմանաբար՝ Փոթորիկ) ինքնագնաց հաուբիցի 4 հարվածով:
Հարվածները հասցվել են այն վայրերին, որտեղից կատարվել է հրետանային արկի արձակումը: Զինվորականների տվյալներով՝ այդ տարածքը գտնվում է «Ալ Քաիդայի» հետ կապված «Իրաքում ու Լևանտում իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ: