Ռուսաստանը ոչ ոքի բռնի ուժով չի տանում դեպի Մաքսային միություն. Ալեքսեյ Մեշկով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում համոզել ԱՊՀ երկրներին՝ ԵՄ-ի հետ Ասոցացման ու ազատ առևտրի գոտու համաձայնագիր չկնքելու համար, սակայն կոչ է անում կշեռքի նժարներին դնել դրա բոլոր դրական ու բացասական կողմերը.
«Ռուսաստանը չի պատրաստվում որևէ երկրի հետ համոզել ԵՄ-ի հետ Ասոցացման ու Ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր կնքելու հարցում, դա նրանց ինքնիշխան իրավունքն է: Մենք միայն կոչ ենք անում մանրակրկիտ կշռել այդ քայլի բոլոր դրական ու բացասական կողմերը, ևս մեկ անգամ հայացք նետել այդ համաձայնագրերի տեքստերին՝ տեսնելու համար, թե դրանք որքանով են համապատասխանում ավելի վաղ այլ կազմակերպությունների շրջանակներում ստանձնած պարտավորություններին, որոնց մենք մասնակցում ենք համատեղ:
Մենք կոչ ենք անում միաժամանակ չստեղծել օբյեկտիվ, տեխնիկական խոչընդոտներ՝ մեր համագործակցության հնարավոր շարունակման համար: Ռուսաստանը մտադիր է շեշտը դնել Մաքսային միության և Միասնական տնտեսական տիրույթի հետագա առաջխաղացման վրա, ինչպես նաև ապագա Եվրասիական տնտեսական միության վրա:
Մենք համոզված ենք, որ հենց եվրասիական ինտեգրումն է դրանում մասնակցող երկրների համար բացում զարգացման ռեալ հեռանկար, ընդ որում՝ չհակասելով ԵՄ-ի հետ կառուցողական փոխգործակցությանը:
Ռուսաստանը ոչ ոքի բռնի ուժով չի տանում դեպի Մաքսային միություն, որն առանց այդ էլ ունի հզոր միջուկ: Մենք շարունակելու ենք ներդրում ունենալ Մաքսային միության զարգացման և Եվրասիական տնտեսական միության մեջ»: