
Պուտինն ու Էրդողանն աշնան վերջին կհանդիպեն Մոսկվայում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշնան վերջին Մոսկվայում հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Այս մասին գործակալությանը հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը:
Վերջինիս խոսքերով՝ 2012 թվականի դեկտեմբերին Թուրքիա կատարած Պուտինի այցի ժամանակ հաջողությամբ իրականացվել է Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 3-րդ նստաշրջանը, որը նախագահել են Պուտինն ու Էրդողանը:
Մեշկովը հավելել է, որ այժմ իրենք պատրաստվում են 4-րդ նստաշրջանին, որն աշնան վերջին անցկացվելու է Մոսկվայում: Մեշկովի խոսքերով՝ Պուտինն ու Էրդողանն ամփոփելու են վերջին մեկ տարվա ընթացքում համագործակցության արդյունքները և առաջադրանքներ են դնելու հեռանկարում իրականացնելու համար:
Մեշկովը կարևոր նախագծերի թվում հիշատակել է Աքքույուի ատոմակայանի կառուցումը, որը գնահատվում է մոտ 20 միլիարդ դոլար, և «Հարավային հոսք» գազատարի կառուցումը, որը պետք է անցնի Սև ծովում Թուրքիայի բացառապես տնտեսական գոտում: