Մեղադրվում է մետաղյա կաթսայով գլխին հարվածելու մեջ
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 30-ին կշարունակվի մետաղյա կաթսայով հարվածելու գործով դատաքննությունը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Ըստ datalex-ի՝ գործողությունները զարգացել են հետևյալ կերպ.
«2013 թվականի մայիսի 1-ին, ժամը 14-ի սահմաններում, Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներ՝ հայր և որդիներ Հարություն, Դարիկ և Արմեն Խաչատրյանները, նույն գյուղի Աբովյան փողոցում, սեռական բնույթի հայհոյանքներ տալով` շուրջ 5 րոպե տևողությամբ վիճաբանել և ծեծի են ենթարկել Սամվել Գևորգյանին:
Վիճաբանության ձայներից, բազմաթիվ հարևանների հետ մեկտեղ` փողոց է դուրս եկել նաև Սամվել Գևորգյանի խնամի Ավագ Գալստյանը, ով հավաքվածների մեջ նկատելով Հարություն Խաչատրյանի հորեղբորը՝ նրանց ազգում մեծ հարգանք վայելող և ազդեցություն ունեցող Գագիկ Հարությունյանին, դիտողություն է արել ազգականների դրսևորած վարքագծի, ինչպես նաև՝ նրա անտարբեր վերաբերմունքի համար, ու պահանջել է սաստել նրանց։
Վիճաբանությունն ավարտվելուց հետո Ավագ, Սիփան և Նարեկ Գալստյանները, վրդովվելով Խաչատրյանների կողմից իրենց անձն անտեսելով՝ տան դիմաց խնամուն ծեծի ենթարկելու համարձակությունից, առավել ևս՝ Գագիկ Հարությունյանի կողմից դիտողությանը ոչ բավարար չափով արձագանքելու հանգամանքից, և այն որպես չնչին առիթ օգտագործելով, վերջինիս՝ որպես «ազգի մեծի», նսեմացնելու ու հրապարակայնորեն պատժելու սեփական պահանջմունքը բավարարելու, իրենց անձի և ընտանիքի առավելությունն ու գերազանցությունը հասարակության և դրա անդամների նկատմամբ ընդգծելու միջոցով ներքին բավականություն ստանալու մոլուցքից դրդված՝ ժամը 14:30-ի սահմաններում, աղմկելով, գոռգոռալով մտել են հարևանությամբ բնակվող Գագիկ Հարությունյանի տան բակ, որտեղ անտեսելով տանը գտնվող կանանց, անչափահաս երեխաների, իրենց ուղեկցող, ինչպես նաև փողոցում հավաքված բազմաթիվ հարևանների ներկայությունը, բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք ղրսևորելով հասարակության, ինչպես նաև րնղունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, սեռական բնույթի բարձրաձայն հայհոյանքներ տալով սկսել են փնտրել Գագիկ Հարությունյանին։ Այնուհետև՝ Ավագ, Սիփան և Նարեկ Գալստյանները, շարունակելով իրենց խուլիգանական գործողությունները, մտել են Գագիկ Հարությունյանի տուն և վերոհիշյալ անձանց, ինչպես նաև տանը գտնվող հյուրի ներկայությամբ, սեռական բնույթի հայհոյանքները շարունակելով՝ հարձակվել և կոպիտ ֆիզիկական ուժի գործադրմամբ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 66-ամյա Գագիկ Հարությունյանին։
Այդ ընթացքում Նարեկ Գալստյանը, ինքնահաստատվելու. հակահասարակական պահվածքով հասարակության մեջ ընդունված վարքագծի կանոններից իր անկախությունն ու գերազանցությունն ապացուցելու խուլիգանական դրդումներով՝ Գագիկ Հարությունյանին վերջնականապես տապալելու նպատակով, խոհանոցից վերցրել է մետաղյա կաթսա և դրանով՝ որպես զենք օգտագործելով, դիտավորությամբ հարվածել է վերջինիս գլխին, որի հետևանքով նա ուշաթափվել և վայր է ընկել։
Հասարակական կարգի խախտումը խափանելու նպատակով վիճաբանությանը միջամտել է Ավագ Գալստյանի քրոջ դուստրը, նաև Գագիկ Հարությունյանի հարսը՝ Անահիտ Հարությունյանը, սակայն Սիփան Գալստյանը՝ դիմադրություն ցույց տալով նրան, հյուրասենյակի սեղանից վերցրել է մետաղյա թավա, և այն որպես գենք օգտագործելով, դարձյալ խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ հարվածել է հորաքրոջ դստեր՝ Անահիտ Հարությունյանի գլխին և պատճառել առողջության կարճատև քայքայումով թեթև մարմնական վնաս։
Ստացած հարվածից Անահիտ Հարությունյանը վայր է ընկել, իսկ Ավագ Գալստյանը, շարունակելով խուլիգանական գործողությունները՝ բարոյականության նորմերի նկատմամբ դրսևորելով անթաքույց արհամարհանք, նույնիսկ այղ վիճակում, ոտքով հարվածել է նրա որովայնին։
Շուրջ 10 րոպե տևած հասարակական կարգի կոպիտ խախտման հետևանքով՝ Գագիկ Հարությունյանի տան անդամների մեջ առաջացել է վախի զգացում՝ իրենց առողջության և գույքի պահպանության կապակցությամբ, իսկ վիճաբանության ու հայհոյանքների ձայներից հավաքված բազմաթիվ հարևանների ու պատահական անցորդների մոտ՝ վրդովմունք, անհարմարություն, լուրջ անհանգստություն, և միայն վերջիններիս միջամտության շնորհիվ է հաջողվել խափանել Ավագ, Սիփան ու Նարեկ Գալստյանների խուլիգանական գործողությունները»:
Ավագ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որդու` Սիփան Գալստյանի և եղբորորդու` Նարեկ Գալստյանի հետ, խմբի կազմում, դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել անձի նկատմամբ բռնություն գործադրելով: Ավագ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Սիփան Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հոր՝ Ավագ Գալստյանի, և հորեղբոր որդու՝ Նարեկ Գալստյանի հետ, խմբի կազմում, դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև հասարակական կարգի խախտումը խափանող անձին որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ դիմադրություն ցույց տալով: Սիփան Գալստյանին մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Նարեկ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հորեղբոր՝ Ավագի, և նրա որդու՝ Սիփան Գալստյանի հետ, խմբի կազմում, դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, զուգորդվել է որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ՝ անձի նկատմամբ բռնություն գործադրելով: Նարեկ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Բոլոր ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: