Ուֆա–Երևան ուղիղ ավիաչվերթը կգործի նոյեմբերի 8-ից
«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը 2013 թվականի նոյեմբերի 8–ից Ուֆա–Երևան ուղիղ ավիաչվերթ է բացում։ Այս մասին գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին, որն էլ վկայաբերում է ընկերությանը։
«2013 թվականի նոյեմբերի 8–ին կիրականացվի Ուֆայից առաջին չվերթը դեպի Հայաստանի մայրաքաղաք։ Նոր կանոնավոր չվերթը կիրականցվի երկու շաբաթը մեկ անգամ ուրբաթ օրերին Airbus ինքնաթիռներով»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունը դեպի Երևան չվերթեր է իրականացնում նաև Եկատերինբուրգից, Նիժնի Նովգորոդից, Սամարայից և Սանկտ Պետերբուրգից։
«Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը Եկատերինբուրգի բազային փոխադրողն է։ 2012 թվականին ավիաընկերության ծառայություններից օգտվել է ավելի քան 3.5 միլիոն ուղևոր, թռիչքների աշխարհագրությունն ընդգրկում է ավելի քան 170 ուղղություն։ Ընկերությունն ունի եվրոպական Airbus կոնցեռնի 31 ինքնաթիռ` 19 А320, տասը` А321 և երկու А319։