Հայերը դաս տվեցին Իտալիային. իտալական մամուլը՝ երեկվա հանդիպման մասին
Ամփոփելով Իտալիա-Հայաստան մրցավեճը, իտալական առաջատար պարբերականներն, առաջին հերթին, նշել են, որ Հայաստանի հետ խաղում միավորներ կորցնելով, Չեզարե Պրանդելիի թիմը դուրս մնաց ԱԱ-2014-ի եզրափակիչ փուլի վիճակահանության առաջին զամբյուղից: Armsport.am-ը որոշակի դրվագներ է առանձնացրել իտալական մամուլի հրապարակումներից.
La Gazzetta dello Sport – Հայաստանի հետ ոչ-ոքին, ինչպես նաև Ուրուգվայի և Կոլումբիայի հավաքականների հաղթանակները, համապատասխանաբար, Արգենտինայի և Պարագվայի ընտրանիների դեմ, զրկեցին Իտալիային համաշխարհային ֆուտբոլի Թոփ-8-յակից: Հետևաբար, մեր հավաքականը չի ընդգրկվելու առաջին զամբյուղում՝ ԱԱ-2014-ի եզրափակիչ փուլի վիճակահանության ժամանակ…Իսկ այն, իհարկե, Հայաստանի հետ տնային խաղում գրանցած ոչ-ոքիի «մեղքով» է:
Corriere dello Sport – Պրանդելին սխալվեց, Հայաստանի հետ խաղում, մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս չբերելով Բալոտելիին: Մարզիչը Սուպերմարիոյին պայքարի նետեց միայն հանդիպման 54-րդ րոպեին և հարձակվողն օգտագործեց իր երկու հնարավորություններից մեկը:
Football Italia – Հայաստանը բացահայտեց Իտալիայի սխալները մի խաղում, որտեղ տանտերերը երկու անգամ «հետապնդողի» դերում էին:
Сalciomercato – Մխիթարյանը լավագույնն էր հյուրերի կազմում և լրացուցիչ անգամ ապացուցեց իր բարձրակարգ լինելը: Ամեն անգամ, երբ գնդակը հայտնվում էր նրա մոտ, այն վտանգ էր ներկայացնում Իտալիայի համար:
Tuttosport – Բարեբախտաբար, Իտալիային հաջողվեց խուսափել պարտությունից՝ Հայաստանի դեմ խաղում և մնալ անպարտելի իր իսկ խաղադաշտում՝ ԱԱ-2014-ի որակավորման փուլի շրջանակում:
Sky Sport Italy – Իտալիան դաս ստացավ Հայաստանից: Պրանդելիի թիմը կարողացավ խուսափել պարտությունից, բայց կորցրեց իր տեղն ԱԱ-2014-ի եզրափակիչ փուլի վիճակահանության զամբյուղում:
La Stampa – Հայաստանի հետ մրցավեճից հետո, կասկած չկա, որ Իտալիայի հավաքականն ունի 15-16 որակյալ խաղացողներ: Մովսիսյանն ուղղակի լուծեց Աստորիի հարցերը:
Աղբյուր` Armsport.am