Ամբաստանյալը հանել է շորերը. չի ցանկանում մասնակցել դատական նիստին

Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր բանդայի գործով դատական նիստը: Գործով արդեն 5 ամբաստանյալներից դատարան էր ներկայացվել միայն Քյարամ Ամոյանը: Դատավոր Մխիթար Պապոյանն ասաց, որ քրեակատարողական հիմնարկից դատարան հասցեագրված նամակով տեղեկացրել են, որ ամբաստանյալ Արտուշ Հակոբյանը գանգատվել է առողջության վատացումից և ենթարկվել բուժզննության: ՔԿՀ-ից տեղեկացրել էին նաև, որ նշանակված է դեղորայքային բուժում, երկօրյա անկողնային ռեժիմ: Մ. Պապոյանն ասաց, որ քիչ առաջ իրեն հեռախոսազանգի միջոցով քրեակատարողական հիմնարկից, ուղեկցող վաշտից տեղեկացրել են, որ ամբաստանյալ Սամվել Դավթյանը չի ցանկանում ներկայանալ դատական նիստին. «Շորերը իր վրայից հանել է և հայտնում է, որ ես չեմ ներկայանալու դատական նիստին: Այդ պատճառով նրա ներկայությունը չեն կարողացել ապահովել»: Դատավորի խոսքով՝ իր թույլտվությամբ մյուս երկու ամբաստանյալներ Արթուր Մանուկյանն ու Դավիթ Գալստանը չեն ներկայացվել նիստին: ՔԿՀ-ից խոստացել են ներկայացնել հեռախոսազանգով հայտնված տեղեկությունների վերաբերյալ արձանագրություն. արձանագրությունը ստանալուց հետո դատարանը կգնահատի ամբաստանյալի՝ նիստին չներկայանալու հանգամանքը:

Ամբաստանյալ Սամվել Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանն ասաց, իր պաշտպանյալը երեկ գանգատվել է առողջության վատացացումից, սակայն ՔԿՀ-ում  վերջինիս բժշկական   օգնություն ցույց չեն տվել: «Երեկ նրա ինքնազգացողության վատանալուց հետո տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, բացարձակապես ոչ մի տեսակի բուժօգնություն չի ցուցաբերվել»: 168.am-ի հետ զրույցում Կարեն Հակոբյանն ասաց, որ իր կարծիքով՝ ամբաստանյալի այդ գործողությունները կապված են հենց այդ հանգամանքի հետ: Նա նաև նշեց, որ ամբաստանյալը նախկինում տառապել է թոքախտով, առողջական խնդիրների բարդացում ունի կապված խոշտանգումների հետ: Պաշտպանն ահազանգել է բանտային դիտորդական խումբ, որպեսզի վերջիններս գնան, տեսնեն՝ ինչ է կատարվում ՔԿՀ-ում:

Մանրամասները՝ «168 ժամի» վաղվա համարում

Տեսանյութեր

Լրահոս