
Ասոցացման համաձայնագրի դեպքում կզրոյանան Մաքսային միության մեջ Ուկրաինայի մտնելու հնարավորությունները. Դմիտրի Մեդվեդև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ, ինչն իրականացվել է տնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովների 10-րդ նիստի շրջանակներում:
Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մեդվեդևը հայտարարել է, որ եթե Ուկրաինան Ասոցացման համաձայնագիր ստորագրի ԵՄ-ի հետ, ապա կզրոյանան Մաքսային միության մեջ մտնելու նրա հնարավորությունները:
Մեդվեդևն ընդգծել է, որ չգիտի, թե ինչու է Ուկրաինան Ասոցացման համաձայնագիր ստորագրում ԵՄ-ի հետ. «Չգիտեմ, դա Ուկրաինայի որոշումն է, ես այստեղ չեմ տեսնում որևէ հատուկ օգուտ: Հավանաբար, մեր ուկրաինացի գործընկերներին ավելի տեսանելի է, տեսնենք:
Կարող եմ միայն մեկ բան ասել, որ բնականաբար, Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինայի համար շատ դժվար կլինի Մաքսային միության մեջ մտնելը:
Ես կարծում եմ, որ եթե նա ցանկանա դա, ապա լիարժեք անդամության հնարավորությունները գործնականում կլինեն զրոյական: Սա մեր բաց, հստակ, անկեղծ դիրքորոշումն է»: