
Ռուսական ոստիկանության կողմից ավելի քան հազար ներգաղթյալների ձերբակալելը կրում է խտրական բնույթ. Amnesty International

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խտրականություն է որակել Բիրյուլևոյի անկարգություններից հետո Մոսկվայում օտարազգի ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունները:
AI-ի ռուսական ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Նիկիտինը հայտարարել է, որ ռուսական ոստիկանության կողմից ենթադրյալ մարդասպանին որոնելիս ավելի քան հազար ներգաղթյալների ձերբակալելը կրում է խտրական բնույթ:
Նիկիտինն ակնհայտ է համարում, որ դա ապօրինի է: Նա հավելել է, որ ներգաղթյալները դառնում են ծայրահեղ աջ խմբավորումների հարձակումների թիրախ, ինչն իրականացվում է իշխանությունների անգործության պատճառով:
Ընդ որում, Մոսկվայում նկատվում է այլատյացության հայացքների աճ. «Ոստիկանության գործողությունները կրել են ակնհայտ ցուցադրական բնույթ և չեն ունեցել օրինական հիմնավորում: Իրավիճակին նման պատասխան տալը միայն բորբոքում է այլատյացություն երկրում»:
AI-ն ընդգծել է, որ Ռուսաստանում այլատյացության տարածումն այնքան մեծ է, որ սեպտեմբերին տեղի ունեցած Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում հակամիգրացիոն քաղաքականությունն ընկած է եղել ընտրական կամպանիայի հիմքում: Ընդ որում, դա վերաբերում է թե՛ կառավարամետ թեկնածու Սերգեյ Սոբյանինին, թե՛ ընդդիմադիր թեկնածու Ալեքսեյ Նավալնուն: