Ազատամարտիկները վրդովվեցին դատարանի որոշումից (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի բողոքը: Պաշտպանը միջնորդել էր՝ փոխել   Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը: Լրագրողների հարցին՝ արդյո՞ք Վ. Ավետիսյանին կալանքի տակ պահելը քաղաքական նպատակ է հետապնդում, ազատամարտիկի պաշտպան Արա Զաքարյանը պատասխանեց. «Այս պայմաներում, ըստ ձեզ, ուրիշ նպատակ կարո՞ղ է հետապնդել իշխանությունը ի դեմս, տվյալ դեպքում, դատարանների: Եթե նույնիսկ համաներումը տարածվում է տվյալ հոդվածի վրա, և նույնիսկ, եթե ամենավատագույն դեպքում՝ մեղադրական դատավճիռ կայացվեր, ինչի հավանականությունը զրո է, և այս պայմաններում դատարանը պարտավոր էր լինելու համաներման կիրառմամբ ազատել պատժի կրումից, այս պայմաններում էլ ի՞նչ նպատակ պետք է հետապնդի մեր իշխանությունը՝ Վոլոդյային կալանքի տակ պահելու համար»: Փաստաբանի խոսքով՝ դատարանն առհասարակ հաշվի չի առել իր նշած հանգամանքները: Արա Զաքարյանն ասաց, որ դատական նիստին ներկա էր նաև ամբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանը: Խոսելով վերջինիս տրամադրության մասին՝ պաշտպանն ասաց. «Բնականաբար հիասթափություն, որ մենք ինչպիսի դատական համակարգ ունենք»: Փաստաբանն ասաց, որ վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու են վճռաբեկ դատարան. եթե վերջինս ևս անփոփոխ թողնի առաջին ատյանի որոշումը, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ազատամարտիկները վրդովվեցին դատարանի կայացրած որոշումից. ներկաներից մեկը նույնիսկ փորձեց դատարանի շենք մտնել:

Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանն, անդրադառնալով այն հանգամանքին, որ մինչ այժմ տուժողը չի առերեսվել ամբաստանյալի հետ, ասաց, որ իրենք չեն ճանաչում տուժողին. «Չակերտավոր  տուժողին մենք, իրոք, չենք ճանաչում, չենք տեսել: Ասում են՝ Գյումրիից է: Միգուցե ինչ-որ անհայտ անձնավորություն է, որ ասենք՝ սուրբ հոգի է իջել իր վրա, ուզում են մարդկային ինչ-որ կերպարանք տան ու իր միջոցով, սուրբ հոգու ձեռքով ինչ-որ հինգ թերթ բան են գրել, որը կոչվում է սադրանք՝ շինծու գործ: Երևի ինչ-որ մեկին ստիպել են, ստորագրել են: Վաղը-մյուս օրը կարող է հայտարարեն, որ տվյալ անձնավորությունը հոգին ավանդել է: Մենք ի՞նչ իմանանք»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս