
Ռուսաստանի դեմ Ստրասբուրգի դատարան Վրաստանի ներկայացրած հայցի վերաբերյալ որոշում կընդունվի 2014 թվականին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի դեմ Ստրասբուրգի դատարան Վրաստանի ներկայացրած հայցի վերաբերյալ որոշում կընդունվի 2014 թվականին: Այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ իրենք նման պատասխան են ստացել այն բանից հետո, ինչ Արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանին հետաքրքրվել է հայցի ճակատագրով՝ Ստրասբուրգի դատարանին հիշեցնելով, որ տվյալ գործով բանավոր լսումներն ավարտվել են դեռևս 2012 թվականի հունիսին:
Պատասխան նամակում Ստրասբուրգի դատարանը չի պարզաբանել, թե որն է որոշման կայացման ուշացման պատճառը՝ ընդգծելով, որ այդ վճիռը հրապարակվելու է 2014 թվականին:
Վրաստանը Ռուսաստանի դեմ Ստրասբուրգի դատարան հայց է ներկայացրել 2007 թվականի մարտին՝ կապված Ռուսաստանից վրացի քաղաքացիների զանգվածային արտաքսման հետ: