Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հերքում է ինքն իրեն
Պարզվում է Լոռու մարզում ոչ թե 4, այլ ընդամենը 1 սիբիրախտով հիվանդ անասուն է եղել: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նոր հաղորդագրություն է տարածել, որում հերքել է նախկինում իր իսկ տարածած այն տեղեկությունը, թե Լոռու մարզում 4 հիվանդ անասուն էր հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
«Ծառայությունը տեղեկացնում է, որ նախորդ հրապարակման մեջնշված 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներից սիբիրախտ հիվանդություն վերջնական ախտորոշվել է մեկ խոշոր եղջերավոր կենդանու մոտ, որը պատկանում է Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի բնակիչ Հայկազ Խաչատրյանին»,- ասված է ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ծառայությունը նաև տեղեկացնում է, որ նշված հիվանդ կենդանու մսեղիքը՝ 55 կգ, և կաշին համապատասխան կարգով վնասազերծվել և ոչնչացվել են: Հարթագյուղ համայնքի բոլոր խոշոր եղջերավոր կենդանիները կրկնապատվաստվել են հակասիբիրախտային պատվաստանյութով:
Այս պահի դրությամբ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում հիվանդության նոր դեպքեր չկան: