Մազմանյանը՝ Սաքունցին. Դուք պետք է կողմնորոշվեք, թե ի՞նչ եք վիճարկում

Արթուր Սաքունցը և իր համախոհները հայց են ներկայացնելու Վարչական դատարան՝ վիճարկելով Մաքսային միությանն անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարության՝ որպես գործողության համապատասխանությունը Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական պետության սկզբունքերին: Սաքունցը չի բացառում նաև Սահմանադրական դատարան դիմելը:

Այսօր՝ «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ, Սաքունցը  նշեց, որ Եվրասիական տնտեսական միության փաստաթղթերն ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, և Ռուսաստանի որոշումները պարտադիր են լինելու անդամ-պետությունների համար:

Սաքունցը համոզված է, որ նույնիսկ եթե Սերժ Սարգսյանը լիներ լեգիտիմ նախագահ, իրավունք չէր ունենա, առանց հանրության կարծիքն իմանալու, անել Մաքսային միությանն անդամակցելու հայտարարություն:

Սահմանադրագետ Արմեն Մազմանյանը նշեց, որ ՍԴ-ում վիճարկվում են միայն իրավական ակտեր, ոչ թե հայտարարություններ ու գործողություններ: «Ես համարում եմ, որ իրավական տեխնիկան ձեզ հնարավորություն կտա, այնուամենայնիվ, ինչ-որ բան վիճարկել, բայց դուք պետք է կողմնորոշվեք, թե ի՞նչ եք վիճարկում: Միգուցե դա կլինի կառավարության որոշումը կամ այն պայմանագրերի փաթեթը, որոնք հետագայում կհայտնվեն»,- Սաքունցին դիմել է Մազմանյանը:

Միաժամանակ Մազմանյանը ողջունել է հայցով ՍԴ դիմելու և խնդիրը հանրության քննարկման առարկա դարձնելու մտադրությունը: Սահմանադրագետի խոսքով՝ նմանատիպ հայցը ՍԴ-ում բավարարվելու երկու հնարավորություն կա: Առաջին. եթե ժողովուրդը մեծապես աջակցի հայցին: Երկրորդ. եթե իշխանություններն իրենք ցանկանան, որ ՍԴ-ն նման որոշում կայացնի (դա կլինի հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հայցի սցենարը):

Քննարկման մյուս բանախոսը՝ «Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ Արտակ Զեյլնալյանը, ով մասնակցում է խնդիրը դատական կարգով լուծելու քննարկումներին, նշեց, որ կարելի է որոշման սահմանադրականությունը վիճարկել ընդհանուր իրավասության դատարանում, բայց Սահմանադրական դատարանում վեճի առարկա կարող է դառնալ համաձայնագրի նախագիծը, որը կմտնի Ազգային ժողով:

«Հայցը, որի մասին խոսում է պրն Սաքունցը, չի հագնեցնելու այդ համաձայնագրի սահմանադրականության քննարկման: Միջազգային պայմանագրերը չեն կարող դառնալ սահմանադրաիրավական վեճի առարկա՝ որպես կիրառված իրավական ակտ»,- ասել է Արտակ Զեյնալյանը:

Իր հերթին Սաքունցը՝ որպես քաղաքացի, ուզում է կասեցնել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը և որպես ճանապարհ ընտրել է իրավական դաշտը:

«Հանրային լրատվամիջոցները, հատկապես հեռուստաընկերությունները ակնհայտ և կանխամտածված լռության են մատնում հանրության մտահոգությունները: Պատգամավորները, քաղաքական ուժերը դիսկուսիա չեն անում»,- ասաց իրավապաշպանը, նշելով, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջիկայում կիրականացնի նաև այլ ակցիաներ՝ ընդդեմ Մաքսային միությանն անդամակցելու որոշման:

Արտակ Զեյնալյանը հավելեց, որ քաղաքական գծի նման կտրուկ ու անսպասելի փոփոխությունն իր ազդեցությամբ համարժեք էր հայ-թուրքական արձանագրություններին: Սակայն վերջին դեպքում հանրությունը, անկախ ցուցաբերած վերաբերմունքից, տեղյակ էր, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսություն կա:

Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

«Մեդիա կենտրոն»

Տեսանյութեր

Լրահոս