Տիգրան Առաքելյան. Հերոսները նրանք են, ովքեր իմ նկարը ձեռքներին կանգնեցին անձրևի տակ
Այսօր Հայ ազգային կոնգրես կուսակցությունը Սարյանի պուրակում ծափողջություններով ու «Տիգրան» վանկարկումներով դիմավորեց արդեն նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին: 2 տարի անազատության մեջ գտնվելուց հետո Տիգրան Առաքելյանն այսօր եկել էր Սարյանի պուրակ` շնորհակալություն հայտնելու այն մարդկանց, ովքեր այս ընթացքում աջակցել են իրեն. «Ինչ ասես չեմ լսում` հերոս, եսիմ… ես ոչ հերոս եմ, ոչ էլ… Հերոսները նրանք են, ովքեր իմ նկարը ձեռքներին կանգնեցին անձրևի տակ: Ես կվիրավորվեմ, որ իմանամ անձի համար եք արել, որ արել եք, որ Տիգրան Առաքելյանը դուրս գա: Դուք պայքարել եք արդարության համար, որովհետև իմացել եք, որ կա մեկը, ով մեղավոր չէ, բայց մեղավոր է ճանաչվում»:
Իսկ 168.am-ի հետ զրույցում Տ. Առաքելյանն ասաց, թե շատ է ուրախացել` տեսնելով, թե ինչպես են ժպտերես հարազատները դիմավորում իրեն, ողջագուրվում: Նա նշեց, թե շարունակելու է պաքարը գործող իշխանությունների դեմ, անգամ ավելի մեծ եռանդով է պայքարելու ռեժիմի դեմ: