Բաժիններ՝

Բանդիտիզմի գործով պաշտպանի հարցով դատարանը կդիմի փաստաբանների պալատին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր որոշում կայացրեց՝ փաստաբան Ստեփան Ոսկանյանին պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ փաստաբանների պալատին դիմելու մասին: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Բանդիտիզմի գործով ամբաստանյալներից մեկի՝ Դավիթ Գալստյանի պաշտպան Ս.Ոսկանյանը խնդրեց դատարանին հետաձգել դատական նիստը այլ հերթի կամ գոնե մեկուկես ժամով  ընդմիջել դատական նիստը, որպեսզի ինքը կարողանա մասնակցել իր պաշտպանյալի  կալանավորման հարցը քննող մեկ այլ դատական նիստի: Դատարանը երկու դեպքում էլ մերժեց միջնորդությունները և երբ պաշտպանն ասաց, որ ինքը ստիպված է հեռանալ ու մասնակցել մյուս դատական նիստին, դատարանը փաստաբանի հեռանալը որակեց որպես դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք և կայացրեց ՓՊ-ին դիմելու վերոհիշյալ որոշումը:

Բայց սրանով «սանկցիաները» չեն ավարտվել. դատարանը որոշել է այսուհետ դատական նիստեր հրավիրել ամեն օր՝ այժմվա շաբաթական մեկանգամյա նիստերի փոխարեն:

Այսօրվա դատական նիստում շարունակվել է բանդիտիզմի գործի գրավոր ապացույցների հետազոտումը: Մասնավորապես, հետազոտվեց  ավազակային հարձակումների վայրերում քննչական փորձարարության արձանագրությունը և դրա տեսագրությունը: Ըստ ամբաստանյալ Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանի՝ իր պաշտպանյալի մասնակցությամբ տուժողների տներում կատարված քննչական փորձարարությամբ գործողությունների փաստացի վերարտադրում տեղի չի ունեցել, իր պաշտպանյալին բռնությունների, խոշտանգման ենթարկելուց հետո դիմակավոր անձանց ուղեկցությամբ տարել են տուժողների տները, որտեղ նա ասել է այն, ինչ կորզվել է խոշտանգումների հետևանքով: Այսինքն՝ ըստ պաշտպանի՝ փորձարարությունը ձևական բնույթ է կրել:

Ըստ ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանի՝ քննիչն առաջ ընկած հարցնում է՝ այո՞, Դ.Գալստյանն էլ ասում է՝ այո՛: Պաշտպանը հարց ուղղեց՝ ինչո՞ւ մինչև փորձարարություն կատարելը չի կազմակերպվել Դ.Գալստյանի ճանաչման գործողությունը: «Եթե ամբողջը օբյեկտիվ է, ինչո՞ւ են ապացույցները ոչնչացվել»,- ասել է փաստաբանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս