Բաժիններ՝

Կճոյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում շնորհավորել է ուսուցչական երգչախմբին

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը այցելեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Առիթը կրթահամալիրի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի համերգն էր, որը նվիրված էր ուսուցիչների տոնին: Երգացանկում Կոմիտասի երգերն էին:

Սրբազան հայրը նախ շնորհավորեց երգչախմբի հիմնադիր և խմբավար Հարություն Թոփիկյանին`արվեստի վաստակավոր գործչի կոչում ստանալու առիթով, ապա դիմելով ներկաներին` ասաց. «Առաջին անգամ չի, որ այստեղ ենք ու վայելում են պարոն Թոփիկյանի ղեկավարած այս երգչախմբի կատարումները: Ուրախ եմ, որ այսօր էլ Կոմիտաս ենք լսելու: Կոմիտասն այնքան մեծ է, որ դժվար է իրեն ամբողջությամբ ներկայացնել: Նրան կարելի է մոտենալ միայն մեսրոպյան չափանիշներով: Ինչպես Սբ. Մաշտոցը քաոսի վերածված բարբառը դարբնեց, կռեց ու ստեղծեց հայոց հնչունական համակարգը, որպեսզի ունենանք մայրենի գրական լեզու, այնպես էլ Կոմիտասը մաքրեց ու մեզ հանձնեց հայկական կուսական երաժշտությունը, որն ամեն անգամ լսելով` հարստանում ենք, լցվում կենսատու ուժով»:

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ասաց, որ կրթահամալիրում կոմիտասյան երգերին մեծ կարևորություն է տրվում, արդեն մի քանի տարի է` կրթահամալիրում իրականացվում է «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծը:

«Անցած օրն էլ այդ նախագծի հեղինակ կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը Կոմիտասի մասին դասախոսություն կարդաց մեզ մոտ: Կրթահամալիրում չկա մի սովորող` սկսած նախակրթարանից, որ կոմիտասյան երգացանկից մի քանի երգ չիմանա»:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստացիներ» երգչախումբը արդեն երկու տարի է գործում է և բազամթիվ շրջագայություներ է կատարել Հայաստանի, Արցախի ու Ջավախքի մի շարք քաղաքներում ու գյուղերում: Այս տարի էլ, Կոմիտասի երգը տարածելով, նրանք կրկին համերգային շրջագայություն կատարեցին դեպի Վայոց Ձորի մարզ: Ծրագրի շրջանակներում իրականացվող կոմիտասյան կատարումների վերջին համերգը նվիրել էին ուսուցիչներին:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս