«Ժառանգությունում» քննարկում են արտաքին քաղաքական հարցերը
Օրերս «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ վարչության անդամ, մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը կուսակցության երիտասարդների եւ համակիրների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին կուսակցության դիրքորոշումը վերջին ամիսների Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ:
Հ. Խուրշուդյանի խոսքով՝ կանխատեսելի էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարվելու է ԵՄ հետ Ասոցացման ամբողջական (ներառյալ՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին) համաձայնագրի ստորագրումից, քանի որ համաձայնագիրն ունենալու էր իրավաբանական ուժ եւ նպաստելու էր մենաշնորհների վերացմանը, կոռուպցիայի նվազեցմանը, պետական մարմինների աշխատանքի թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացմանը, դժվարացնելու էր ընտրությունների կեղծման գործընթացը եւ այլն: Այն, որ իշխանությունները ի վերջո հրաժարվելու են Ասոցացման համաձայնագրից, կուսակցության ներկայացուցիչները բարձրաձայնել են ամիսներ առաջ:
Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, ըստ Հ. Խուրշուդյանի, իշխանությունները սկսել էին 2008թ. ընտրություններից հետո՝ առաջիկա, 2012-2013թթ կեղծվելիք ընտրությունների վերաբերյալ Արեւմուտքից հնարավորինս մեղմ դիրքորոշում ստանալու համար, ուստի ակնհայտ էր, որ այդ ընտրություններից հետո ազատ էին լինելու վերադառնալ ի շջանս յուր:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի` Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ իշխանությունների որոշումն իրականում Հայաստանն առավել ավտորիտար դարձնելու եւ սեփական իշխանությունը առավել հեշտ վերատադրելու նպատակ է հետապնդում եւ որեւէ կապ չունի անվտանգության խնդիրների հետ: Ավելին, այժմ, երբ Հայաստանը զոհաբերել է իր անվտանգության ապահովման արեւմտյան ուղղությունը, այսինքն խախտել է դիվերսիֆիկացումը, մենք ավելի վտանգված ենք, քան երբեւե եղել ենք: Մանավանդ, որ մենք տեսել ենք, որ Ռուսաստանը, սկսած 90-ականներից, բազմիցս զոհաբերել է իր դաշնակիցներին` սեփական պահեկան շահերի համար:
Բանախոսները նաեւ նշեցին, որ Ադրբեջանը գերազանցապես կախված է Արեւմուտքից: Երբ 2011թ.-ին իրակա վտանգ էր առաջացել Ադրբեջանի կողմից շփման գծում մեծածավալ սադրանքի իրականացման` նավթային «Բրիթիշ փեթրոլիոմ» ընկերությունը, կրճատելով նավթի արդյունահանումը, հասկացրեց Ալիեւին, որ իրենք թուլ չեն տա տարածաշրջանի ապակայունացում եւ իրենց ներդրումների վտանգում: Միաժամանակ՝ արեւմտյան ԶԼՄ-ները հրապարակեցին Ալիեւի ընտանիքի հարստության ու բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ:
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության արտաքին քաղաքական ուղենիշներին բանախոսները նշեցին, որ կուսակցության ծրագրում հստակ նշված է, որ ըստ իրենց Հայաստանը պետք է ձգտի դառնալ Եվրամիության լիիրավ անդամ: Դա չի խանգարի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, եթե դրանք լինեն իրավահավասար եւ փոխադարձ շահերի հանդեպ հարգալից վերաբերմունքի վրա: Մինչդեռ Հայաստանի մուտքը Մաքսային միություն կուսակցությունը դիտում է որպես ինքնիշխանության անընդունելի եւ անհամարժեք զիջում:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն