
Վթարի ենթարկված բեռնատար ավտոմեքենայում 20 զինվոր է եղել

ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է կայուն ծանր, սակայն, ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Զինվորները լավ են և նրանց վիճակը կայուն է»:
Նշենք, որ վթարի ենթարկված բեռնատար ավտոմեքենայում եղել է 20 զինծառայող, սակայն նրանցից 2-ը՝ զինծառայողներ Գագիկ Ապատյանը և Հունան Շահբազյանը, վթարից ժամեր անց տեղափոխել են Կենտրոնական կլինիկական հոսպիտալ, իսկ զինծառայող Գևորգ Սեյրանյանն ավելի ուշ տեղափոխվել էր Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին` ժամը 9:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով ժամը 13:30-ի սահմանում զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, 1993 թ. ծնված Ժակ Գևորգի Գալստյանը: