
Սիրիայում առևանգել են Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 7 աշխատակցի

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Սիրիայում առևանգել են միջազգային Կարմիր խաչի 6 աշխատակցի և Սիրիական Կարմիր մահիկի 1 ծառայողի: Այս մասին նշված է միջազգային կազմակերպության տարածած պաշտոնական հայտարարությունում:
Հումանիտար կազմակերպությունների աշխատակիցներին զինված անձինք առևանգել են Թուրքիային սահմանակից Իդլիբ նահանգում: Այստեղ նրանք դեղորայք են հասցրել տեղի հիվանդանոցներին, գնահատել են բուժհիմնարկներում առկա իրավիճակը և վերադառնալիս են եղել Դամասկոս:
Հայտնի չէ, թե ովքեր են իրականացրել առևանգումը. Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցնե՞րը, թե՞ նրա հակառակորդները: Առևանգման պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել: Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում ընկած Իդլիբ նահանգի մեծ մասը գտնվում է ապստամբական տարբեր խմբավորումների վերահսկողության ներքո: