
Ռուսաստանի ներգաղթյալների ֆեդերացիան կոչ է անում օտարերկրացիներին Մոսկվայում փողոց դուրս չգալ

Ռուսաստանի ներգաղթյալների ֆեդերացիան (ФМР) ազգային սփյուռքի ներկայացուցիչներին խորհուրդ է տալիս զգույշ լինել Մոսկվայի փողոցներում` Մոսկվայի Բիրյուլյովո շրջանում ազգայնականների հրահրած անկարգությունների պատճառով, հաղորդում է INTRERFAX-ը:
«Մոսկվայի տարբեր շրջաններում կարող են հարձակումներ լինել: Ազգայնականներն իրենց շատ ագրեսիվ են պահում»,-ասել է ֆեդերացիայի նախագահ Մուհամեդ Ամինը: Նա նշել է, որ ներգաղթյալների եւ, առհասարակ, օտարերկրացիների համար ավելի լավ կլինի հասարակական վայրեր դուրս չգալ:
«Ես հենց նոր եմ վերադարձել Բիրյուլովոյից: Այնտեղ շատ վտանգավոր իրավիճակ է. հարյուրավոր հարբած ագրեսիվ երիտասարդներ եւ ազգայնականներ»,-ասել է Ամինը:
Միաժամանակ, Մոսկվայում խստացվել է պահպանությունը: Ռուսաստանի ՆԳ նախարարը խորհրդակցություն է սկսել իրավիճակի հետ կապված, ձերբակալվել է 380 մարդ:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Բիրյուլյովո շրջանում այսօր բռնկված ազգայնական տրամադրությունների ու անկարգությունների պատճառ է դարձել հինգշաբթի երիտասարդ մոսկվացու սպանությունը, որի վրա հարձակվողը, ըստ տեղեկությունների, կովկասցի է եղել: