
Թուրքիայի կառավարությունը սառեցրել է «Ալ-Քաիդայի» և «Թալիբանի» հետ կապված անձանց ակտիվները

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ`Թուրքիայի կառավարությունը որոշել է սառեցնել «Ալ-Քաիդա» և «Թալիբան» ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված ֆիզիկական ու իրավաբանական անձանց ակտիվները:
Թուրքիայի Նախարարների կաբինետն այդ որոշումը կայացրել է հոկտեմբերի 10-ին, ինչն էլ անմիջապես մտել է ուժի մեջ: Ընդհանուր առմամբ, տվյալ որոշմամբ սառեցվել են 349 մարդու և 67 ընկերության ակտիվները:
Թուրքիան ընդգրկվել էր Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խմբի (FATF) այսպես կոչված սև ցուցակում` ֆինանսական ահաբեկչության դեմ բավարար չափով ջանքեր չգործադրելու համար: Թուրքիայի հետ մեկտեղ այդ ցուցակում ընդգրկվել են նաև Սիրիան, Եթովպիան, Կուբան ու Քենիան:
Թուրքիան այդ ցուցակում ընդգրկվել էր նրա համար, որ չի կատարել ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերը` կապված «Ալ-Քաիդա» և «Թալիբան» ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունեցող անձանց ակտիվների սառեցման հետ: