
Հնդկաստանում այսօր սպասվող Phailin փոթորկի պատճառով տարհանվել է 400.000 մարդ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ`Հնդկաստանի իշխանությունները «կարմիր» տագնապ են հայտարարել և երկրի արևելյան ծովափից տարհանել են մոտ 400.000 բնակչի` վախենալով ուժգին փոթորկից:
Ակնկալվում է, որ Phailin անվանմամբ ցիկլոնը երկրի արևելյան ծովափ կհասնի այսօր երեկոյան: Օդերևութաբանների կանխատեսմամբ` քամու արագությունը կազմելու է ժամում 240 կիլոմետր: Անգլիացի օդերևութաբանները փոթորիկը դասել են ուժգնության հինգ կատեգորիաներից չորրորդում:
Տարհանված մարդկանց տեղափոխել են ամրացված շինություններ, ինչպես նաև դպրոցներ: Հնդկաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ փոթորիկը կլինի շատ կործանարար, ինչից առավելապես կտուժեն գյուղերը:
Phailin-ը կարող է դառնալ վերջին 14 տարում ամենակործանարար փոթորիկը Հնդկաստանում: 1999 թվականին գրանցված ուժգին փոթորկի հետևանքով զոհվել է 10.000 մարդ: