
Եվրոպական 8 խոշոր նավթային ընկերություն պատրաստ է վերադառնալ Իրան

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ` եվրոպական 8 խոշոր նավթային ընկերություն «նավթային» բանակցությունների նոր փուլի սկսվելու ժամանակ պատրաստակամություն են հայտնել իրենց գրասենյակները բացել Թեհրանում:
Այն բանից հետո, ինչ ԵՄ-ը խստացրեց Իրանի հանդեպ պատժամիջոցները և անգամ բեռնարգելք դրեց իրանական նավթի ներկրման վրա, աշխարհի մի շարք էներգետիկ ընկերություններ փակեցին Իրանում ունեցած իրենց գրասենյակները:
Այդ ընկերությունների թվում էին նաև նորվեգական State oil-ը, իտալական Eni-ն, բրիտանական Shell-ը, ֆրանսիական Total-ը, ինչպես նաև եվրոպական, ասիական, բրազիլական այլ ընկերություններ, որոնք հայտնվեցին փակ կամ կիսափակ վիճակում:
Իրանում նոր կառավարության աշխատանքների սկսվելու հետ միաժամանակ օրակարգում հայտնվել է այդ ընկերությունների գործունեության վերսկսման հարցը: Այդ պլանում Իրանի նավթարդյունաբերության նախարարությունը` որպես արտաքին քաղաքական երկրորդ գերատեսչություն, սկսել է դիվանագիտական խորհրդակցություններ անցկացնել եվրոպական երկրների հետ:
Նախարարությունը հայտնել է եվրոպական և անգամ ամերիկյան մի շարք նավթային ընկերությունների հետ բանակցությունների սկսման մասին` հայտարարելով, որ չկա որևէ սահմանափակում` այդ ընկերությունների հետ համագործակցելու համար:
Այդ պլանում օրակարգում ընդգրկվել են մասնագիտացված աշխատանքային խմբի ստեղծման և Իրանի նավթային պայմանագրերի տնտեսական գրավչության մեծացման հարցերը: Օտար ընկերություններն Իրանի նոր նավթային քաղաքականությունը համարում են մեկ քայլ առաջ` նավթային նոր համագործակցություն սկսելու համար: