Հատուկ Հայաստանի համար
Սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի հայտարարությունը, շատերի պնդմամբ, վերջ դրեց Եվրոպայի հետ շուրջ երեք ու կես տարի բանակցությունների արդյունքում հաջողած Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացին: Սակայն ՀՀ իշխանությունները և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը նախագահի հայտարարությունից հետո խոսեցին այն մասին, թե բացառված չէ, որ Հայաստանի և Եվրոպայի միջև համագործակցության շարունակությունը տրվի հատուկ Հայաստանի համար մշակված այլ փաստաթղթի միջոցով:
Այս առնչությամբ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետարքրքվեցինք, թե արդյոք Հայաստանի և Եվրոպայի միջև ընթանո՞ւմ են բանակցություններ այլ փաստաթղթի մշակման ուղղությամբ: Ի պատասխան` Գ. Սահակյանն ասաց. «Այո, հիմա բանաձևումներ կան Եվրոպայում: Երկու օր առաջ Եվրամիությունը պարզեցված վիզայի որոշում կայացրեց, որը մենք կքննարկենք, կընդունենք: Այնպես որ, Եվրոպայի հետ մեր համագործակցությունը միայն ասոցիացման ծրագիրը չէ` առևտրաշրջանառությունը չէ: Ինչպես բոլոր երկրները, այնպես էլ` Հայաստանը, մենք փորձում ենք ավելի արագ տեմպերով ավելի մեծ հարաբերություններ ունենալ Եվրոպայի հետ:
Մեր գործընթացները չեն կասեցվի Մաքսային միությանը միանալու քայլով: Այն պրոցեսները, որոնք զարգացում կապահովեն մեզ համար, գնալով կշատանան»:
Մեր ճշտող հարցին, թե` բանակցություններ ընթանո՞ւմ են նոր փաստաթղթի շուրջ, որը կստորագրվի նոյեմբերին Վիլնյուսում` Ասոցացման համաձայնագրի փոխարեն, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց.
«Մենք ընդամենն ասում ենք, որ այն, ինչ ՄՄ-ին չի հակասում, մենք պատրաստ ենք նոյեմբերին ստորագրել, որի ուղղությամբ և՛ Եվրոպայում, և՛ Հայաստանում գործընթաց տարվում է: Սա անընհատ պրոցես է: Այնպես չէ, որ մի բան չստացվեց` դանդաղում, կանգնում է»: Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ` լսելով նույն հարցը, մեզ խորհուրդ տվեց վերընթերցել եվրոպացի պաշտոնյաների հետ ԱԳՆ-ի վերջին հանդիպումներից հետո տարածած հաղորդագրությունները. «Մեկնաբանել ձեր հարցը չեմ կարող: Կարդացեք մեր վերջին հաղորդագրությունը, հատկապես Ք. Էշթոնի հետ հանդիպումից հետո տարածած հաղորդագրությունը»: