
Գալուստ Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանին դատի տալու մասին. Մենք չենք շարժվում ոչնչությանը ոչնչացնելու տրամաբանությամբ

ԵԽ ԽՎ-ում «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի` վիրավորել է նախագահ Սերժ Սարգսյանին, ով էլ վիրավորանքի ու զրպարտության համար, ըստ նույն աղբյուրների, պատրաստվում է դատական գործ սկսել պատգամավորի դեմ:
168.am-ը ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս նախագահը պատրաստվում է իրեն վիրավորելու համար դատի տալ Զ. Փոստանջյանին: «Չեմ կարծում` նրանք քաշերի տեսակետից էնքան տարբեր են, հեռավոր… բացի դրանից՝ նախագահը չի կարող էդ իջեցված մակարդակները ինչ-որ ձևով բարդացնել»,- պատասխանեց Գալուստ Սահակյանը:
Նա նշեց, որ եթե ինչ-որ երևույթ է կատարվում, որն ազդում է պետության, ազգի շահին` այլ խնդիր է. «Բայց երբ, ասենք, սոցիալական ցանցերում ով ինչ ուզում` խոսում է, այլ խնդիր է: Էդ նույն մարդիկ սոցիալական կայքերն էլ են կարդում, չէ՞, հիմա բոլորին դատի տա՞նք: Մենք չենք շարժվում ոչնչությանը ոչնչացնելու տրամաբանությամբ, ինչը ոչիչն է` ոչինչ է: Այստեղ քննարկելու բան չկա»,- ասաց նա: