
Եգիպտոսի իսլամականները որոշել են հրաժարվել երկրի գլխավոր հրապարակները գրավելու պլանից

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի իսլամականները որոշում են ընդունել երկրի գլխավոր հրապարակները գրավելու պլանից հրաժարվելու մասին: Այս մասին նշված է «Օրինականության աջակցման դաշինքի» տարածած այսօրվա հայտարարությունում, որը փորձում է հասնել նախագահի պաշտոնին Մոհամմեդ Մուրսիի վերադարձմանը:
Դաշինքն իր համակիրներին կոչ է արել հրաժարվել երկրի գլխավոր հրապարակները գրավելուց ՝ էլ ավելի մեծ արյունահեղությունից խույս տալու համար: Անցած կիրակի, երբ երկրում նշվում էր 1973 թվականի Արաբա-իսրայելական պատերազմի սկսման 40-ամյակը, Կահիրեում և մի շարք նահանգներում գրանցվել են բազմաթիվ բախումներ իրավապահների ու իսլամականների միջև:
Առավել լարված իրավիճակ է գրանցվել մայրաքաղաք Կահիրեում, ինչպես նաև Ալեքսանդրիայում, Սուեզում և այլուր: Իսլամականները փորձել էին մուտք գործել Կահիրեի «Թահրիր» հրապարակ, սակայն կանգնեցվել էին ուժային կառույցների կողմից: Բախման հետևանքով զոհվել էր 65 մարդ, վիրավորվել էին հարյուրավոր մարդիկ: Իրավապահները միայն մայրաքաղաքում ձերբակալել էին ավելի քան 400 իսլամականի: