
Թուրքական արտադրության նոր ուղղաթիռի առաջին թռիչքը կիրականացվի 2018 թվականի սեպտեմբերին

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի օդագնացության ու տիեզերական արդյունաբերության կենտրոնը (TUSAŞ) պլանավորել է ստեղծել յուրօրինակ ուղղաթիռ, որը ծառայելու է նաև Թուրքիայի զինված ուժերի կարիքների համար: Համապատասխան ծրագիրը TUSAŞ-ի հետ ստորագրվել է 2013 թվականի հունիսի 26-ին:
Սեպտեմբերի 6-ին հաստատվել է ուղղաթիռի ստեղծման աշխատանքների գրաֆիկը: Դրա համաձայն, ուղղաթիռի առաջին թռիչքն իրականացվելու է 60 ամիս անց՝ 2018 թվականի սեպտեմբերին, Եվրոպական օդագնացության անվտանգության ծառայության (EASA) կողմից քաղաքացիական վկայականը ստացվելու է 78 ամիս անց, ուղղաթիռը ռազմական որակավորում կանցնի 90 ամիս անց:
Ուղղաթիռը պատկանելու է միջին դասի թեթև ուղղաթիռների թվին, նրա քաշը կազմելու է մոտ 5 տոննա, անձնակազմը բաղկացած է լինելու 3 մարդուց, իսկ ուղևորների քանակը՝ 9 մարդուց: